Առողջապահություն 

Ռուսաստանի Դաշնության կառավարության նվերը Հայաստանի ժողովրդին

analitik.am

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի շրջանակներում մայիսի 13ին տեղի ունեցավ ՀՀում ՄԻԱՎ/ՁԻԱՀին հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք բերված շարժական բժշկաախտորոշիչ համալիրի ներկայացման և Հայաստանին դրա հանձնման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցում էին ՌԴ վարչապետի օգնական, ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն, Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ս.Ստորչակը, ՄԱԿի ՄԻԱՎ/ՁԻԱՀի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի ծրագրային հարցերով օգնական, ՄԱԿի գլխավոր քարտուղարի օգնական Լ.Լոուրեսը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Բաբլոյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամներ, կոնֆերանսի այլ մասնակիցներ: 


Բժշկական ծառայությունների մոտեցումը բնակչությանը և վարակիչ հիվանդությունների աշխորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀին հակազդմանն ուղղված համընդհանուր ջանքերի կարևոր բաղկացուցիչներից են: Կլինիկայի շահագործումը թույլ կտա առավելագույնս մոտեցնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀի, վիրուսային հեպատիտների հետ կապված ծառայությունները դրանց կարիքն ունեցողներին, զգալիորեն կմեծացնի խորհրդատվության ու հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎի վաղ ախտորոշման բարելավմանը, բուժման ու խնամքի ժամանակին տրամադրմանը:


Շարժական կլինիկան օգտագործվելու է ՁԻԱՀի ԿՀԿի կողմից խոցելի բնակչությանը, մասնավորապես Հայաստանի մարզերում աշխատանքային միգրանտներին ու նրանց ընտանիքներին անվճար հիմունքներով բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ պահպանելով կամավորության ու գաղտնիության սկզբունքները: 


Հանդիսավոր արարողության ժամանակ ՁԻԱՀի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռոսպոտրեբնադզորին և ՄԱԿի ՄԻԱՎ/ՁԻԱՀի միացյալ ծրագրի գործընկերներին, որոնք այսպիսի հրաշալի նվեր մատուցեցին Հայաստանին, ինչն անկասկած զգալի ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:

Նույն շարքից