Առողջապահություն 

Շաքարային դիաբետով երեխաները կապահովվեն ինսուլինային գրիչ-ներարկիչներով

ՀՀ կառավարության կողմից hուլիսի 16-ին հավանության է արժանացել մի ծրագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի 0-ից 18 տարեկան երեխաները և 18-22 տարեկան երիտասարդները:

Ծրագրի շրջանակում նախարարությունը ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներ:

 

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ այդ անալոգների օգտագործումը թույլ է տալիս կարգավորել երեխայի սննդային գրաֆիկը:

«Ծրագրի բոլոր շահառուները կապահովվեն ինսուլինային գրիչ-ներարկիչներով, որոնք էականորեն կբարելավեն դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը՝ թույլ տալով ձերբազատվել ավանդական ներարկիչներից և սրվակներից: Այն թույլ է տալիս երեխաներին խուսափել վախից»,- տեղեկացրեց Նունե Փաշայանը:

ԱՆ մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան էլ իր հերթին ասաց, թե վաղուց անցել այն ժամանակը, երբ խոսում էին, թե շաքարային դիաբետ ունեցող մարդուն ինսուլիոնով պետք է ապահովել, որպեսզի նրանք չմահանան:

«Մինչ այս էլ երեխաները երբեք ինսուլիսնի խնդիր չեն ունեցել, պարզապես սա մի քայլ առաջ է: Երեխաներն այսուհետ ապահովվելու են անալոգներով, որոնք ներարկվելու են ավելի հեշտ միջոցով, որն ավելի հեշտ է, քան սրվակով և ներարկիչով: Այդ անալոգները թույլ են տալիս ներարկումը կատարել ուտելուց առաջ և հետո: Առավելությունն այն է, որ այդ ուլտրակարճ ինսուլինը շատ արագ է սկսում ազդել»,-ասաց Ելենա Աղաջանովան:

Մասնագետն ասաց, որ դպրոցական երեխաների համար նույնպես շատ հեշտ է: Գրիչները ներարկիչի տեսք չունեն, երեխաները դրանից չեն վախենում, և սակավ ցավոտ են, քան սովորական ներարկիչով սրսկելը:

Նույն շարքից