Առողջապահություն 

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերն Հայաստանում

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի Կոպենհագենի գրասենյակում նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ տարածաշրջանային խորհրդակցություն` նվիրված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում 2015-2017թթ. ժամանակահատվածում Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում ռազմավարական ներդրումների նախագծին:

Խորհրդակցությանը մասնակցում էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Գլոբալ հիմնադրամի քարտուղարության, խորհրդի անդամներ, տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարներ, տարածաշրջանում դրամաշնորհ ստացող երկրների պետական և հասարարակական կառույցների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի պաշտոնատարները, ինչպես նաև Գլոբալ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Նիկոլա Կանտաուն փաստեցին ՀՀ առողջապահության նախարարության կողմից Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի իրականացման և տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում` 2011-2013 թվականներին արձանագրած նկատելի առաջընթացը: Այն կարևոր նախադրյալ է 2015 թվականից հետո դրամաշնորհային ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը երեքն են` Տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի և առողջապահության համակարգի հզորացում: Բոլոր ծրագրերի կատարողականն էլ 2013 թվականին գնահատվել է գերազանց:

Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի ղեկավար Գեորգի Սակվարելիձեի դիտարկմամբ` բոլոր նախադրյալները կան, որ 2014 թվականին Հայաստանը տարածաշրջանում Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի իրականացման հաջող օրինակ ներկայացվի:

Մյուս տարի գարնանը նախատեսվում է Գլոբալ հիմնադրամի առաքելության այցը Հայաստան: ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, մասնավորապես ՀՀ վարչապետին կներկայացվի դրամաշնորհային ծրագրի առաջընթացը, ինչպես նաև կքննարկվեն ֆինանսավորման նոր մոդելի ներքո հետագա ծրագրերի իրականացման մանրամասները:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից