Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը վերջերս հարստացել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և գեղանկարիչ՝ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի բարձրարժեք աշխատանքներով: Նվիրատվությունն իրականացվել է Անդրե Սևրուգյանի որդի և Սևրուգյան ընտանիքի անմիջական ժառանգորդ՝ Էմմանուել Սևրուգյանի կողմից: Այս մասին տեղեկացանք Մատենադարանի պաշտոնական կայքից:
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2014 թ. սեպտեմբերի 9-ին, Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 90-ամյա Էմմանուել Սևրուգյանի հետ, ըստ որի՝ Էմմանուել Սևրուգյանը Մատենադարանին էր նվիրաբերում իր հոր և մեծ հոր կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները, հարյուրից ավելի մեծարժեք նմուշներ:
Թե´ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինը, թե´ նրա որդին՝ գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանը, միջազգային համբավ վայելող արվեստագետներ են: Նրանց աշխատանքները ցուցադրվում են աշխարհի ամենահայտնի թանգարաններում: Նրանց յուրօրինակ, ինքնատիպ արվեստի մասին գրվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, լույս են տեսել նրանց գործերին նվիրված մի քանի ալբոմներ:
Մեծարժեք այս հավաքածուները հանրությանը ներկայացնելու համար, Մատենադարանի տնօրենությունը նախատեսում է մի շարք ցուցահանդեսներ, այդ թվում՝ թեմատիկ ցուցադրություններ, ինչպես նաև զույգ արվեստագետների ստեղծագործությունների գեղատիպ ալբոմների հրատարակություն: Ծրագրվում է թեմատիկ սեմինար այս նյութի շուրջ: