Առողջապահություն 

Առաջատարը Շիրակի մարզն է

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության վարչությունների պետերի մասնակցությամբ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։ Ներկայացվեցին մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական և բուժական կարևոր ցուցանիշներն ու առկա խնդիրները։ 2013 թվականի 10 ամսվա ընթացքում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է վճարովի ծառայությունների 32 տոկոս աճ։ Այս ցուցանիշով առաջատարը Շիրակի մարզն է։

«Ավելին` ողջ հանրապետությունում 2010 թվականի 10 մլրդ դրամի համեմատությամբ մինչև տարեվերջ կունենանք վճարովի ծառայություններից առաջացած 31 մլրդ դրամի հոսք։ Սա նշանակում է, որ մեզ հաջողվել է ոլորտում երեք անգամ կրճատել ստվերային դրամաշրջանառությունը։ Խնդիր, որ նախարարության ուշադրության կենտրոնում է։ Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ երկար ու լուրջ քննարկումներ, մասնագիտական վերլուծություններ են ընթանում բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագիր մշակելու նպատակով։ Արդյունքում մշակվել է կարճաժամկետ միջոցառումների ցանկ։ Մինչև տարեվերջ նախանշվող այս միջոցառումներն իրավական հիմքեր կստեղծեն ծրագրային հետագա քայլերի համար»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին նա տեղեկացրեց, որ 2014-ին պետական պատվերի տեղադրման պայմանագրային պայմաններն ավելի խիստ են լինելու։ Միաժամանակ, բուժհաստատություններում իրականացվելու է մշտադիտարկում։

«Հենց վաղվանից արդեն ձևավորված խմբերն այցելելու են հիվանդանոցներ և, իմ հրամանով հաստատված հարցաթերթիկով առաջնորդվելով, ուսումնասիրելու են պետպատվերով բուժվող հիվանդին ցուցաբերվող բժշկական օգնությունն ու սպասարկումը` ընդունարանից մինչև դուրս գրում։ Տարեվերջին մշտադիտարկման առաջին փուլի արդյունքների ամփոփումով կհստակեցվեն խնդիրներն ու թիրախները, որոնցից բխող որոշումներ և աշխատանքներ կտանենք»,-մանրամասնեց նախարարը։

Առաջարկվեց մարզպետարանների առողջապահության բաժինների աշխատակիցներին ևս ներգրավել մշտադիտարկմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականի բյուջեի ուղղվածությունից բխող աշխատանքների կազմակերպման, մարզերում առողջության առաջնային պահպանման օղակում ընտանեկան բժիշկների, թերապևտների և մանկաբույժների մոտ գրանցված բնակչության թվի ճշգրտման, ծառայությունների օպտիմալացման և այլ հարցեր։

Առանձին քննարկման առարկա դարձավ 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ընկերությունների գործադիր տնօրենների կողմից ընկերության զարգացման ծրագիրը չկատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Նախարար Դումանյանը պարզաբանեց, որ այդ հարցը ևս ընդգրկվել է Բժշկական ծառայությունների որակի բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ցանկում, ինչը մանրամասն կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում։ 


ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից