Առողջապահություն 

Փոփոխություններ՝ առողջապահության ոլորտում

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկման դրվեց «Բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների մասին» կոլեգիայի որոշման նախագիծը։

«Բավական ժամանակ է, ինչ խնդիրը գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում։ Հատուկ ստեղծված հանձնաժողովը մանրակրկիտ քննարկել է բժշկական ծառայությունների որակին առնչվող ցանկում ընդգրկված յուրաքանչյուր հարց։ Դրանք ոչ միայն մեզ, այլև պետության կողմից փոխհատուցվող բժշկական ծառայություններից օգտվող բնակչությանն անհանգստացնող խնդիրներ են։

Նաև գաղտնիք չէ, որ առողջապահության համակարգում դեռևս գոյություն ունեն տասնամյակների ընթացքում արմատավորված կոռուպցիոն ռիսկեր, որոնց դեմ պայքարը ժամանակի խնդիր է։ Այս ուղղությամբ մենք արդեն իսկ նպատակային աշխատանքներ ենք տանում, որի արդյունքներից  մեկն էլ  վճարովի ծառայություններից գոյացած միջոցների եռակի աճն է (2010թ.-ի 10 մլրդի դիմաց 2013-ի վերջին ակնկալվում է 31 մլրդ դրամի մուտք)։ Այլ կերպ ասած` այդքան գումար ստվերից դուրս է գալիս և մուծվում դրամարկղ։  Սակայն սա դեռևս մեզ չի կարող բավարարել։

Այսօր կոլեգիայի անդամների և մարզպետարանների առողջապահության  վարչությունների պետերի ուշադրությանն ենք նեարկայացնում  բժշկական ծառայությունների որակի բարելավմանը և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված 40 միջոցառում՝ հինգ տարբեր ուղղություններով։ Դրանց կատարումով իրավական անհրաժեշտ հող կնախապատրաստենք 2014 թվականից բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված  ծրագրային, համակարգված փոփոխություններ իրականացնելու համար։ Ահա թե ինչու ներկայացվող միջոցառումները պետք է   իրականացնենք մինչև դեկտեմբերի 20-ը։ Ասեմ,որ կազմակերպական շատ հարցեր լուծված են, մի շարք աշխատանքներ կատարելու համար համապատասխան հրամանները ստորագրված են։ Նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 25-ը Երևանի և մարզերի բուժհաստատություններում մշտադիտարկման առաջին փուլն  իրականացնող  խմբերն արդեն կազմավորվել են, հրամանով հաստատվել է նրանց կողմից ուսումնասիրվող հարցերի շրջանակը։ Առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո կհստակեցվեն թիրախները, գուցե ուսումնասիրման նոր հարցեր ընդգրկվեն։ Ինչպես շատ այլ միջոցառումներ, մշտադիտարկումը նույնպես շարունակական է լինելու։ Դրանք մեծ ճանապարհի սկիզբն են, ուստի յուրաքանչյուր կետի քննարկման ժամանակ շահագրգիռ մոտեցում եմ ակնկալում»,-բացելով նիստն, ասաց նախարար Դումանյանը։

Ի դեպ, մասնագիտական քննարկումների արդյունքում արդեն իսկ ձևավորվել են ցանկում ընդգրկված միջոցառումների զգալի մասի նախագծերը։

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը կոլեգիայի անդամներին ներկայացնելով միջոցառումների ցանկն` ընդգծեց, որ դրանց նպատակն է բարձրացնել  առողջապահական համակարգի գործունեության թափանցիկությունն ու վերահսկելիությունը, նվազեցնել և կանխարգելել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, բարելավել առողջապահական համակարգի գործունեության արդյունավետությունը, բարձրացնել առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը:

Միջոցառումներ կիրականացվեն իրավական կարգավորման, կառավարման արդյունավետության ու որակի բարելավման, ֆինանսական մեխանիզմների և գնումների գործընթացի արդյունավետության ապահովման, դեղերի անվտանգության և մատչելիության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ու տեղեկատվության բարելավման ուղղություններով։    

Կոլեգիայի անդամների առանձնակի հավանությանն արժանացան  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ կնքվող պետական պատվերի տեղադրման վերաբերյալ պայմանագրում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա պայմանների ընդլայնումը։ Դրանց թվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում որակի  հանձնաժողովների ստեղծումը, բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրումը, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող հիվանդի իրազեկման թերթիկի ներդրումը։ Կարևորվեցին նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերում հավաստագրի կիրառման հետագա ընդլայնմանը, բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների մրցութային կարգով գնմանը, լաբորատոր ծառայությունների որակի ապահովման նպատակով ազգային ռեֆերենս լաբորատորիայի ստեղծմանը վերաբերող և էլի շատ հարցեր։ Բոլոր այս միջոցառումների իրականացմանը կհետևի Բժշկական օգնության որակի վերահսկողության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և ստվերային դրամաշրջանառության կանխարգելման նպատակով ստեղծվող հասարակական անկախ խորհուրդը, որը միաժամանակ մշտապես կքննարկի առկա խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները։ Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև բժիշկների աշխատանքային ծանրաբեռնվածության նորմատիվների, տարեկան աշխատանքային նվազագույն ծավալների սահմանման հարցերը։

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության մշտական հանձնաժողովի նախագահ, կոլեգիայի անդամ Արա Բաբլոյանը, ով ակտիվ մասնակցություն է ունեցել փաստաթղթի մշակմանը, շեշտեց, որ ներկայացված միջոցառումներից շատերը հետագայում համակարգում առկա թերությունները շտկելուն ուղղված համակարգային ծրագրեր կդառնան։

Ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, սիրիահայ բժիշկ Ջորջ  Բարսեղյանը և մյուս բոլոր արտահայտվողները բարձր գնահատեցին կատարված աշխատանքը և աջակցության պատրաստակամություն հայտնեցին։ Վիլեն Հակոբյանը, կարևորելով բժշկական սպասարկման որակի ապահովումը, բարձրացրեց ինչպես համակարգը որակյալ կադրերով ապահովելու, այնպես էլ՝  բժիշկների պաշտպանվածության խնդիրը։

 «Շատ միջոցառումներ ուղղակի կամ անուղղակի բժշկի պաշտպանություն է ենթադրում։ Արդեն քննարկումներ ենք սկսել  բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրման, որակի հսկման ներքին հանձնաժողովների, նրանց օրինակելի կազմի և կանոնակարգի, մասնագետների որակավորման, այնպես էլ բուժհաստատությունների վարկանիշավորման հարցերի կապակցությամբ։ 

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա դրանց նվազեցման ուղղությամբ ուզում ենք համակարգված փոփոխություններ կատարել։ Այս փաստաթուղթն իր մեջ ընդգրկում է այդ նպատակին հասնելու ծրագրային բազմաթիվ դրույթներ։

Միաժամանակ մեծ կարևորություն ենք տալիս բուժհիմնարկների աշխատանքի թափանցիկության ապահովմանը։ Նրանց համար պայմանագրային պարտադիր պայման ենք դարձրել կայքերի առկյությունը, որոնցում որոշ ցուցանիշների ամենօրյա թարմացումը շատ կարևոր տեղեկատվություն կապահովի։   

Այնպես որ, մի քանի ուղղություններով լայնածավալ աշխատանքներ ենք սկսում, որոնք պիտի տանեն համակարգում լավագույնը խրախուսելուն, իսկ անընդունելին դուրս վանելուն։ Սա է մեր  նպատակը, որին հասնելու համար բոլորս միասին մեծ ջանքեր ենք գուրծադրելու»,-ամփոփելով նիստն` ասաց նախարար Դումանյանը։   

Կոլեգիան միաձայն հաստատեց ներկայացված որոշման նախագիծը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ն: 

Նույն շարքից