Մշակույթ 

Եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունները` ռուս և գերմանացի ընթերցողների համար

Այսօր Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ «Երկիրն է խոսում» թարգմանական ժողովածուների (ռուսերեն, գերմաներեն) շնորհանդեսը: Եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններին այսուհետ հնարավորություն ունեն ծանոթանալ նաև ռուս և գերմանացի ընթերցողը: Ժողովածուներն ընդգրկում են եղեռնազոհ 10 հեղինակի` Դանիել Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Զարդարյան, Երուխան, Թլկատինցի, Գեղամ Բարսեղյան, Տիգրան Չյոկյուրյան, Արտաշես Հարությունյան, գործերը:

Թարգմանական ժողովածուների տպագրությունը նպատակ ունի աշխարհին ծանոթացնել եղեռնազոհ հայ գրողներին, նրանց ստեղծագործություններին, ներկայացնել հայ գրականության լավագույն նմուշները և պատմել Հայոց ցեղասպանության արհավիրքի մասին։

Թարգմանական ժողովածուի լույսընծայման նախաձեռնությունը «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է, լույս են տեսել ՀՀ նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհի և Հայասատանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գերմաներեն ժողովածուն արդեն իսկ ներկայացվել է Գերմանիայում և Ավստրիայում:

Նույն շարքից