ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ պաշտպանության նախարարությունում. տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը:
Ջերմորեն ողջունելով աշխարհի տարբեր երկրներից հայրենիք այցելած արիտունցիներին՝ Սերյան Օհանյանը կարևորեց նման հանդիպումները սփյուռքի պատանիներին ու աղջիկներին Հայոց բանակի անցած ուղուն ու կերտած պատմությանը ծանոթացնելու, նրանց հայրենասիրական դաստիարակությանը մասնակցելու գործում: Պաշտպանության նախարարը բարձր գնահատեց Հայոց պետության ամրապնդման, բանակի ոգին ու կորովը բարձր պահելու, դժվարին պահերին սատար կանգնելու հարցում Սփյուռքի պատրաստակամությունը: Նա ներկայացրեց Հայկական բանակին, Հայաստանի անվտանգությանը վերաբերվող բազմաթիվ արդիական խնդիրներն ու նշեց, որ Սփյուռքի բարոյական աջակցությունը կարող է մեծապես նպաստել դրանց լուծմանը: Սեյրան Օհանյանը անդրադարձավ ներկա զարգացումներին և մասնավորապես ասաց. «Թող հայ ժողովուրդը վստահ լինի, որ Հայկական բանակը իր առաջ դրված խնդիրը մեր իսկ ժողովրդի, հարազատների խաղաղությունը, անվտանգությունը ապահովել և ապահովելու է»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ջերմ ընդունելության և սերտ համագործակցության համար, արդեն 7-րդ տարին «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ հանդիպելու և Հայոց բանակի տարբեր զորամասերում նրանց հյուրընկալելու համար: Նա հավաստեց, որ յուրաքանչյուր նման հանդիպման և զինվորական առօրյայի հետ առնչվելու շնորհիվ սփյուռքահայ պատանիների ու աղջիկների հոգում ավելի է զորանում հայրենասիրությունը, Հայրենիքի թիկունքն ամուր պահելու պատրաստակամությունը:
Հարցուպատասխանից հետո արիտունցիներն այցելեցին թիվ N զորամաս և ծանոթացան բանակի առօրյային, ճաշակեցին զինվորական կերակուրները: