Առողջապահություն 

Համաճարակային իրավիճակը ՀՀ-ում կայուն է

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա: 2013 թվականի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում են գրիպի Բ տեսակը, Ա տեսակի H1N1պնդ09 և Ա (H3N2) ենթատեսակները:

Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր, որը բնորոշ է և՛ ներկայիս, և՛ անցած սեզոնների ընթացիկ ժամանակահատվածին:

Ինչ վերաբերում է ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա պետք է նշել, որ վերջիններիս մոտ գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: Ռուսաստանի Դաշնության մի շարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ:

Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է`

- խուսափե´ք հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,

- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

- հագնվե´ք եղանակին համապատասխան,

- պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` 2012 սեպտեմբերից միջին արևելքի որոշ երկրներում արձանագրվում են գրիպի նոր` H7N9 ենթատեսակով պայմանավորված հիվանդության դեպքեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընթանում են գրիպի H7N9 ենթատեսակի նկատմամբ ուսումնասիրություններ և հետազոտություններ:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից