Մարդն իր կյանքի մեկ երրորդ մասն անց է կացնում ամենօրյա պարբերաբար առաջացող քնի վիճակում: Քունը մարդու հիմնական պահանջներից մեկն է և ֆիզիոլոգիական ու կենսաբանական կարևոր գործընթաց է, քնի ընթացքում է օրգանիզմը վերականգնում իր աշխատունակությունը և կուտակում էներգիա` կենսագործունեության համար:
Քունը բաժանում են 2 հիմնական փուլերի` արագ (REM) և դանդաղ (NREM), որոնք պարբերաբար հաջորդում են միմյանց, գիշերվա ընթացքում տեղի է ունենում 4-5 ցիկլ: Քնի դանդաղ փուլն էլ իր հերթին բաժանվում է 3 ենթափուլերի` N1, N2, N3: Երազատեսությունը սովորաբար տեղի է ունենում քնի REM փուլում: Երազի բովանդակությունը կապ չունի քնի խանգարումների հետ, սակայն որոշ դեպքերում, որոնցից է քնի ապնոէ-հիպոպնոէ համախտանիշը, երազները ունենում են բացասական, տհաճ, ագրեսիվ բնույթ:
Պարզվել է, որ քունը կարևոր դեր ունի մարդու առողջության համար. քնի ժամանակ գլխուղեղի հյուսվածքներն ինքնամաքրվում են արթուն ժամանակ կուտակված նյարդային ակտիվության կողմնակի արդյունքներից:
Կարևոր է հիշել, որ ոչ բավարար որակյալ քունը կարող է առաջացնել տարբեր խնդիրներ: Մի շարք հետազոտություններ փաստում են, որ ոչ լիարժեք քունը ծայրահեղ անբարենպաստ ազդեցություն է թողնում աշխատունակության, և ուշադրության կենտրոնացման և օրգան-համակարգերի գործառույթների վրա: Քնատությունը թուլացնում է հիշողությունը, ինչպես նաև` մտածելու և տեղեկությունն ընկալելու ունակությունը, ավելին` զգալի չափով մեծանում է արտադրական վնասվածք ստանալու վտանգը: Քնի ընթացքում երկարատև կամ հաճախակի ապնոէները (շնչառության դադարները) կարող են առաջացնել խրոնիկական թթվածնաքաղց, որն էլ աստիճանաբար կդառնա զարկերակային բարձր ճնշման, ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի և հանկարծամահության պատճառ: