Առողջապահություն 

Դերենիկ Դումանյանի ելույթը ԱՀԿ-ի նախարարական համաժողովում

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ելույթ ունեցավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին նվիրված նախարարական համաժողովում։

«Հարգարժան տիկին տնօրեն, հարգելի տիկնայք և պարոնայք,

ոչ վարակիչ հիվանդություններն, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում, հիվանդացության, հաշմանդամության և մահացության հիմնական պատճառ են հանդիսանում:

Երկրում ոչ վարակիչ հիվանդություններից երեքի՝ սրտանոթային և ուռուցքային հիվանդությունների, ինչպես նաև շաքարային դիաբետի վրա է ընկնում քանակական առումով հիվանդությունների և վաղ մահացության հիմնական բեռը։

Վերջին տարիներին Հայաստանում բավականին մեծացել է ուշադրությունը ոչ վարակիչ հիվանդությունների խնդրի նկատմամբ և այդ ոլորտում գործողությունների առաջնահերթությունները: Մենք ընդունել ենք առողջության ամրապնդմանը միտված օրենսդրական մի շարք նախագծեր։ 2010թվականին ընդունվել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունը, իսկ 2011-ին` երեք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման ծրագրերը:

Օրենսդրական նախաձեռնություններն անդրադառնում են նաև ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի հիմնական գործոնների` ծխելու, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդի և ֆիզիկական թերակտիվության խնդիրներին:

Մասնավորապես, մեծ աշխատանք է տարվել ծխելու դեմ պայքարի գործում:Այս տարի Ազգային ժողով է ներկայացվել գովազդի մասին օրենքի լրամշակում, որով լիովին կարգելվի ծխախոտային արտադրանքի գովազդը: Ընթացիկ տարում մենք մշակել ենք քաղաքական փաստաթուղթ` «Առողջապահության զարգացման ազգային ռազմավարություն», որում առաջատար դեր է հատկացված ոչ վարակիչ հիվանդություններին:

Բացի այդ, առողջապահության նախարարության կողմից կառավարության հաստատմանն է ներկայացվել Առողջ կենսակերպի ազգային ծրագրի նախագիծը:

Այս ծրագրի իրականացման համար Հայաստանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ է հատկացրել:

Մենք իսկապես գիտակցում ենք, որ առողջության համար այսօր ներդրված յուրաքանչյուր դրամը ներդրում է ապագայի համար։

Առաջիկա տարիներին ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի մի շարք միջոցառումներ իրականացնելու նոր պլաններ ունենք: 2014թվականից ոչ վարակիչ մի խումբ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված լայնամասշտաբ սկրինինգային ծրագրեր կիրականացվեն: Այդ նպատակով մենք շարունակում ենք քայլեր իրականացնել առողջության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման ներուժի ուժեղացման ուղղությամբ:

Մենք հստակ գիտակցում ենք ոչ վարակիչ հիվանդությունների և ռիսկի գործոնների հսկման և գնահատման կայուն և պատշաճ համակարգի կարևորությունը։ Եվ առաջիկայում ևս շարունակելու ենք հզորացնել ազգային տեղեկատվական համակարգը, որը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքների և ռիսկի գործոնների մոնիտորինգը։

Այս ոլորտում մենք ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը շահագրգիռ կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի և մեր հիմնական գործընկերոջ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Միաժամանակ գիտակցում ենք ոչ կառավարական կազմակերպությունների կարևորությունը։

Օգտվելով առիթից` ուզում եմ Հայաստանի անունից մեր հավանությունը հայտնել Աշգաբադի հռչակագրի բովանդակությանը:

«Առողջություն 2020» համաեվրոպական քաղաքականության երաշխավորությունների շուրջ համախմբվելու և միասնական ճակատով հանդես գալու գաղափարը երկրներին, այդ թվում` Հայաստանին կօգնի մինչև 2016թ. մշակել և ընդունել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային կողմնորոշիչներ գործողությունների պլան:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամբողջությամբ ընդունում է հռչակագրի պայմաններն ու նպատակները` ընդգծելով այդ նպատակներին հասնելու համար միջկառավարական, միջսեկտորային և անհատական ջանքերի կարևորությունը:

Մենք վստահ ենք, որ աշգաբադյան համագումարը և հռչակագիրը հերթական կարևոր փուլ կդառնան մեր ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին:


ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից