Առողջապահություն 

Մեղրի բուժիչ հատկությունները

analitik.am

Դեռևս մեր թվարկությունից հարզարամյակներ առաջ մեծն Հոմերոսը գովերգել է մեղրի օգտակար հատկությունները: Իլիականում նա պատմում է, թե ինչպես Լեմնոս կղզու թագավորի դուստրը հույն ռազմիկների համար թարմացնող մեղրահյութ էր պատրաստում, որպեսզի նրանք լինեն առույգ, պահպանեն ուժն ու առողջությունը: Մեղրի բուժիչ հատկությունները լուրջ ստուգում են անցել ժամանակով ու դարերի քննությունը գերազանցով «հանձնել»:

Եգիպտական բժշկության հնագույն «Գիրք դեղամիջոցների պատրաստման մարդկային մարմնի համար» հուշարձանում, որը գրվել է ավելի քան 3,5 հազար տարի առաջ, շատ տողեր են նվիրված մեղրին: Մեծ տաջիկ գիտնական Աբու Ալի Իբն Սինան, որ  առավել հայտնի է Ավիցեննա անունով, լայնորեն ու հաջողությամբ էր կիրառում մեղրը զանազան հիվանդությունների բուժման նպատակով: Պյութագորասը հավատացնում էր, որ խոր ծերության   է հասել    անընդհատ մեղր օգտագործելու շնորհիվ: Մեղրը եգիպտական փարավոնների գանձարաններում հայտնաբերված «Հրաշագործ բարիքներ» դեղամիջոցների շարքն է դասվել:  Հին ռուսական  բժշկարանների ձեռագրերում մեղրի օգտակարությանը նույնպես պատվավոր տեղ է հատկացված: Այն բազմաթիվ դարմանների բաղադրիչ է եղել: Դրա դերի ու նշանակության մասին խոսում է նաև այն փաստը, որ Եկատերինա  II-ի անձնական կնիքի վրա նույնպես մեղու է պատկերված:

Մեղրի բուժիչ հատկությունների գաղտնիքը

Գիտությունն ապացուցել է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլի մեջ մարդու օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող   ավելի քան 70 նյութ կա.  մեղրի հիմնական բաղադրիչը ածխաջրերն են, գլյուկոզան (խաղողաշաքարը) և ֆրուկտոզան (մրգաշաքարը): Սովորական շաքարի համեմատությամբ` սրանք ավելի հեշտ են յուրացվում, նպաստում մկանային ուժին ու նորմալ աճին, ինչը շատ կարևոր է երեխայի աճման համար: Մեղրի պարբերաբար կիրառումը նպաստում է իմունիտետի բարձրացմանը` օրգանիզմը զանազան վարակների նկատմամբ դարձնելով ավելի ամուր կամ ուղղակի նպաստում է հիվանդությունների թեթև ընթացքին ու երկարացնում  կյանքը:

Մեղրի կանխարգելիչ հատկությունները

- Առաջին` մեղրը հակաբորբոքային հատկություն ունի: Ուստի ամեն օր քաղցած փորին մեկ գդալ մեղրը կարող է կանխարգելել կամ չխորացնել գոյություն ունեցող գաստրիտը, ստամոքսի խոցը, խոլեցիստիտն ու պանկրեատիտը: Արագորեն անցնելով ստամոքսաղիքային տրակտով` մեղրը սպանում է բոլոր վնասակար մանրէները ու կարգի բերում ստամոքսի լորձաթաղանթը, ինչպես նաև սպիացնում վերքերը:

- Երկրորդ` մեղրը հակաօքսիդացնող հատկություն ունի, հետևաբար կարող է  արգելակել  ուռուցքների առաջացումը:

- Երրորդ` այն  հրաշալի բնական հակադեպրեսանտ է: Այդ հատկության շնորհիվ է, որ  այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով  ամեն առավոտ մեղր են օգտագործում, կարող են հաղթահարել քրոնիկ հոգնածության համախտանիշը, ինչը վերջին տարիներին տարածված է խոշոր քաղաքների բնակչության շրջանում: Նրանք նվազ ագրեսիվ են դառնում ու սթրեսային իրավիճակների նկատմամբ` ոչ այնքան ընկալունակ:

- Եվ, վերջապես, չորրորդ` առավոտյան մեղրի չափաբաժինը հրաշալի սնունդ է ուղեղի համար: Սովորական դարձած հաց ու երշիկի կամ  պանրի փոխարեն մեկ գդալ մեղրը կարգի է բերում ուղեղը: Այն հավասարաչափ օգտակար է թե՛ մեծերին և թե՛ փոքրերին:

Նույն շարքից