Գիտնականները պնդում են, որ ամեն օր ոտքով աշխատանքի գնալը կարող է նվազեցնել շաքարախտ ստանալու հավանականությունը: Նրանք պարզել են, որ այն մարդկանց շրջանում, ովքեր քայլում են մեքենայով երթևեկելու փոխարեն, 40 տոկոսով նվազում է շաքարախտով հիվանդանալու հավանականությունը:
Հետազոտությանը մասնակցել է 20,000 բրիտանացի: Նրանք պարզել են, որ ոչ միայն քայլելը, այլև հեծանիվ քշելը և անգամ հասարակական տրանսպորտով երթևեկելը նվազեցնում են գիրանալու վտանգը, մինչդեռ տաքսիով կամ սեփական մեքենայով երթևեկող մարդիկ ավելի գեր են լինում: Նրանք, ովքեր նախընտրում են քայլել, 17 տոկոսով ավելի քիչ են ենթակա արյան բարձր ճնշման ռիսկին: Տաքսիներով կամ մեքենաներով աշխատանքի գնացող մեծահասակաների 19 տոկոսը գեր է, իսկ հեծանիվով երթևեկողների միայն 13 տոկոսն է գեր:
Արյան բարձր ճնշումը, շաքարախտը և ավելորդ քաշը սրտային և արյան շրջանառության հետ կապված հիվանդությունների հանգեցնող գործոններ են: Այս տարի շաքարախտ հիվանդությամբ ախտորոշված բրիտանացիների թիվը հասել է երեք միլիոնի: Սա նշանակում է, որ քսանից մեկը հիվանդ է շաքարախտով: Այս հիվանդների մեծամասնության մոտ ախտորոշվել է շաքարախտի երկրորդ տեսակը: Այս տեսակը հիմնականում լինում է ավելորդ քաշի, նստակյաց կենսակերպի և անառողջ սննդակարգի հետևանքով:
Հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ հասարակական տրանսպորտից ամենաշատը օգտվում են Լոնդոնում: Այստեղ հասարակական տրանսպորտից օգտվողները կազմում են 52 տոկոս, մինչդեռ Հյուսիսային Իռլանդիայում բնակչության միայն հինգ տոկոսն է օգտվում հասարակական տրանսպորտից:
Հետազոտության ղեկավար Էնթոնի Լավերթին ասել է, որ նրանց կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ ամեն օր ֆիզիկական ակտիվություն ծավալելու լավագույն միջոցներից են քայլելն ու հեծանիվ քշելը: Հետազոտական խմբի անդամ Ռոբին Հյուինգսը նշել է, որ երկրորդ տեսակի շաքարախտի ռիսկերը նվազեցնելու լավագույն տարբերակներից մեկը ֆիզիկական ակտիվությունը առողջ սննդակարգի հետ զուգակցելն է: Առողջ սննդակարգը պետք է պետք է հարուստ լինի մրգերով ու բանջարեղեններով: Այնտեղ պետք է նվազագույնի հասցված լինի աղի, ճարպային սննդամթերքների և շաքարավազի կիրառումը: