«Անցած տարվա հետ համեմատած` հիվանդությունների ավելացում է գրանցվել շոգի հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյան՝ ընդգծելով որ իրավիճակը վերահսկվում է:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն էլ նշեց, որ շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա հիմնական երկու կարևորագույն գործոն են ազդեցություն ունենում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները և ջերմաստիճանի բարձրացումը:
«Դիմում ենք բնակչությանը ժամը 12-17-ը հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ստվերում լինել: Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես ռիսկային են համարվում երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապողները»,-ասաց Ա. Վանյանը:
Մասնագետը հորդորեց օրվա ընթացքում մինչև 3 լիտր հեղուկ օգտագործել. «Օգտագործել մեր ավանդական թանը, մածունը, սովորական ջուր շատ խմել, որի հետ շատ ավելի լավ է օգտագործել մեկ կտոր կիտրոն, ինչպես նաև թեյ ըմպել: Պետք չէ չարաշահել շաքար և կոֆեին պարունակող հեղուկները: Արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելու դեպքում պետք անպայման կիրառել գլխարկ, հովանոց, արևային ակնոցներ»:
Վանյանը նաև անդրադարձավ այս շրջանում ի հայտ եկող մրսածության հիվանդություններին, որոնք հիմնականում սառը և տաք միջավայրը փոխելու գործոններից են առաջանում:
Ինչ վերաբերում է վարակիչ, հատկապես աղիքային վարակիչ հիվանդություններին այս շրջանում, նա նշեց, որ շոգ եղանակը նպաստավոր պայմաններ է ստեղծում դրանց տարածման համար` այս շրջանում` օրինակ` տարածվում են հիմնականում ճանճերի միջոցով:
«Պետք է զերծ մնալ արագ փչացման ենթակա սննդամթերքները, բակերում և փողոցներում վաճառոմերից գնելուց: Զերծ մնալ կրեմային հրուշակեղենից, անգամ եթե դրանք ձեռք են բերվում սառնարաններից»,-ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը: