Առողջապահություն 

Զեկույցների շնորհանդես Առողջապահության ազգային ինստիտուտում

analitik.am

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կայացավ Հայաստանի առողջապահության համակարգի արդյունավետության գնահատման (ՀԱԱԳ) և Հայաստանի առողջապահության ազգային հաշիվների (ԱԱՀ) տարեկան զեկույցների շնորհանդեսը:

Առողջապահության ազգային հաշիվների (ԱԱՀ) զեկույցը առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր բաղկացուցիչներից է և ներկայացնում է ծախսերի հոսքը երկրի առողջապահության ոլորտի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում: Այն նկարագրում է առողջապահության բնագավառում ֆինանսական միջոցների աղբյուրները, օգտագործումն ու հոսքը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) հիմք ընդունելով առողջապահության ծախսերի հաշվառման միջազգային ստանդարտացման անհրաժեշտությունը` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և Եվրոպական վիճակագրական ծառայության (Eurostat) հետ համատեղ մշակել է ԱԱՀ կազմման մեթոդական ուղեցույցը: Հիմնվելով վերոնշյալ մեթոդաբանության վրա` 2005 թվականից Հայաստանում կազմվում են Առողջապահության ազգային հաշիվները:

Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից յուրաքանչյուր տարի կազմվող այս փաստաթուղթը երկրում առողջապահության ոլորտի ֆինանսավորման ծավալների գնահատման տեղեկատվական և վերլուծական հիմնական գործիքներից մեկն է: Իսկ ոլորտի ֆինանսական բնութագիրը, ինչպես նաև առաջիկա տարիների համար ֆինանսավորման զարգացման միտումների կանխատեսումը ՀՀ առողջապահության նախարարության կարևորագույն խնդիրներից է:

ՀՀ կառավարության «Հեռանկարային զարգացման ռազմավարական» ծրագրում սահմանված է, որ առողջապահության ոլորտի ֆինանսավորումը եղել և մնում է ՀՀ կառավարության ծախսային քաղաքականության առաջնային գերակայություններից մեկը և ոլորտին հատկացումներն աճելու են ավելի արագ, քան համախմբված բյուջեի ընդհանուր ծախսերը: Ծրագրով նախատեսվում է առողջապահության ոլորտում պետական ծախսերի մակարդակը 2017 թվականին հասցնել ՀՆԱ-ի նկատմամբ 1.9 տոկոսի: Այս ցուցանիշը 2012 թվականին կազմել է 1.63%, 2011-ին՝ 1.65 %, 2010-ին` 1.6% (2013-ի համար կանխատեսվում է՝ 1.59 %, 2014-ին` 1.71%):

Ակնհայտ է, որ տարեցտարի ավելանում են ՀՀ պետական բյուջեից առողջապահությանն ուղղվող հատկացումները։ 2005-2012թթ. ընթացքում պետական ֆինանսավորումն ավելացել է մոտ 70%-ով, այն պարագայում, երբ առողջապահական ընդամենը ծախսերը (պետական, ապահովագրական, մասնավոր, դոնոր կազմակերպությունների կողմից և այլն) նույն ժամանակահատվածում ավելացել են մոտ 50%-ով։ Իսկ մասնավոր հատվածի դերակատարումն աճել է մոտ 40%-ով:

ԱԱՀ զեկույցը գնահատում է առողջապահության ֆինանսավորման տարբեր աղբյուրներից ձևավորվող ծավալները, ոլորտին հատկացվող միջոցների ավելացման միտումները` ներկայացնելով առողջապահության ոլորտի հիմնական ծրագրերի և բժշկական օգնության մատուցման գործում կարևոր դերակատարներին: ԱԱՀ զեկույցը միաժամանակ կարող է օգտագործվել որպես առողջապահության ոլորտում բարեփոխումների ազդեցության և ռազմավարական ուղղությունների մշակման միջանկյալ, ինչպես նաև վերջնական արդյունքների գնահատման միջոց, որի կիրառումը հնարավորություն կտա բացահայտելու առողջապահական ծախսերի միտումները, ինչը կարևոր է համակարգի մշտադիտարկման և գնահատման համար:

Առողջապահության ազգային հաշիվները` որպես ոլորտի ֆինանսական հոսքերի գնահատման համապարփակ գործիք, ընթացող բարեփոխումների արդյունքների գնահատման և հետագա ռազմավարությունների ընտրության լավագույն միջոց է:

Այնուհետև ներկայացվեց Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի գործունեության գնահատման (ԱՀԳԳ) զեկույցը, որը ներառում է Հայաստանի առողջապահական համակարգի ֆինանսավորման արդարացիության ու ֆինանսական պաշտպանվածության, բնակչության առողջության ընդհանուր վիճակը մարզային կտրվածքով, առողջությանը սպառնացող կենսաբանական, վարքագծային գործոնների, տարածվածության և վնասակար ազդեցության, մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ոլորտի հիմնախնդիրները, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանն ու իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքականության վերլուծությունը: Զեկույցի յուրաքանչյուր բաժնում ներկայացված են Հայաստանի առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության բարելավման առաջարկներ:

Առողջապահության համակարգի գործունեության բարելավումը ՀՀ կառավարության գերակա հիմնախնդիրներից է։ Այն ոչ միայն նպաստում է բնակչության առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, այլև երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարևորագույն բաղադրիչն է:

ՀՀ առողջապահության նախարարությունը, հավատարիմ մնալով իր կողմից ստանձնած պարտավորություններին և հենվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020»՝ առողջության և զարգացման համաեվրոպական նոր քաղաքականության վրա, շարունակում է համակարգի գնահատման գործընթացը:

Վերջին տարիներին Հայաստանի առողջապահության համակարգում բարեփոխումներ են իրականացվում մոր և մանկան առողջության բարելավման, ոչ վարակիչ հիվանդություններից առաջացած բեռի նվազեցման, առողջ ապրելակերպի խթանման, առողջ ընտանիքի ձևավորման և ամրապնդման ուղղությամբ: Այդ ծրագրերը կյանքի կոչելու համար համակարգված աշխատանքներ են տարվում կենտրոնական և մարզային մակարդակներում արդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցների առավել նպատակասլաց օգտագործման, հանրային առողջապահական ծառայությունների կատարելագործման, մասնագիտական որակավորման շարունակական բարձրացման և այլ ուղղություններով:

Մենք լուրջ ձեռքբերումներ կարող ենք ունենալ մեր ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնելով առողջության ցուցանիշների բարելավման վրա: Եվ մեր նպատակն է չզիջել այլ երկրներին կարևոր այդ ցուցանիշներով. կյանքի սպասվող տարիների ավելացում, ոչ վարակիչ հիվանդությունների բեռի նվազեցում, առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավում։ Այդ նպատակին հասնելու համար մի կողմից պետք է ձգտենք բուժօգնության որակի և հասանելիության բարելավման, մյուս կողմից` սեփական գրպանից կատարվող ապօրինի վճարումների զգալի կրճատման և այլ արգելքների վերացման: Այս դժվարին գործընթացն անհրաժեշտ է վերահսկել վերջնական արդյունքների պարբերական գնահատման վստահելի միջոցների և ցուցանիշների միջոցով:

Հարկ է նշել, որ Հայաստանը եվրոպական տարածաշրջանի այն եզակի երկիրն է, որը համարձակորեն սկսել է Հայաստանի առողջապահության համակարգի արդյունավետության գնահատման և Հայաստանի առողջապահության ազգային հաշիվների տարեկան զեկույցների պատրաստման գործընթացը՝ ներկայացնելով համակարգի բոլոր նվաճումներն ու բացթողումները: Այս զեկույցները պատրաստվում են ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ներուժով` հայաստանյան փորձագետների ներգրավմամբ:


ՀՀ առողջապահության նախարարություն

Նույն շարքից