Առողջապահություն 

Ձիթապտղի օգտակարության մասին

analitik.am

Դեռեւս հնագույն ժամանակներից սննդի մեջ օգտագործվող ձիթենու պտուղներն այսօր ավելի մեծ տարածում ունեն, ապահովել են իրենց տեղը յուրաքանչյուր սեղանին եւ նույնիսկ կարելի է ասել՝ հանդիսանում են մարդու առողջության «պահապան»: Ձիթենին մշտապես կանաչ ծառ է:  Միջերկրածովյան գրեթե բոլոր երկրներում էլ աճեցնում են ձիթենու ծառ: Օրգանիզմի վրա ոչ մի նեգատիվ ազդեցություն չունեցող ձիթապտղի յուղն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, պեկտիններ, A, D, K, C, B, E վիտամիններ, կարոտին, ինչպես նաեւ` բիոֆլավոնոիդներ, եւ առհասարակ այն համարվում է սնուցման աղբյուր:


Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ձիթապտղի յուղի բաղադրիչներից մեկը մարդու օրգանիզմի վրա ունեցած հակաբորբոքային ազդեցություններով շատ նման է իբուպրոֆենին: Այդ բաղադրիչը ստացել է օլեոկանտալ անվանումը եւ կարող է պահպանել օրգանիզմը շատ հիվանդություններից, նույնիսկ այնպիսիներից, ինչպիսիք են` սիրտ-անոթային, ուռուցքային եւ Ալցհեյմերի հիվանդությունները: Եվրոպական 5 երկրներից 182 մարդու շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ օրվա մեջ շատ քիչ քանակությամբ զեյթունի ձեթ ընդունելը իջեցնում է օրգանիզմում բջջային մուտացիաներն ու վնասվածքները, որ ընդունակ են հանգեցնելու ուռուցքային հիվանդությունների:


Թե ձիթենու պտուղները, թե ձեթը շատ օգտակար են աղեստամոքսային տրակտի աշխատանքին: Կարեւոր չէ՝ գերադասում եք օգտագործել կանա՞չ, թե՞ սեւ ձիթապտուղ, միեւնույն է, երկուսն էլ պարունակում են մեծ քանակությամբ երկաթ ու վերը նշված օգտակար նյութերն ու վիտամինները: Աղցանի մեջ խորհուրդ է տրվում այն օգտագործել կամ երկու մասի բաժանած, կամ ամբողջական:


Շատ օգտակար է սննդի մեջ օգտագործել ձիթապտղի ձեթի պարունակությամբ հաց կամ սովորություն դարձնել՝ այն, ինչ տապակում եք, պատրաստել զեյթունի ձեթով: 


Նույն շարքից