Առողջապահություն 

Համավճարների կիրառումը առողջապահության ֆինանսավորման ոլորտում

analitik.am

Առողջապահության համակարգի ֆինանսավորման գործում, որպես անցումային փուլ, մեծ դեր է տրվում համավճարների մեխանիզմին: Համավճարը, ընդհանուր ձևակերպմամբ, բժշկական օգնություն և սպասարկում ստացողի կողմից իրականացված ուղղակի վճարումն է բժշկական ապրանքների կամ ծառայությունների այն արժեքի համար, որը ներառված չէ գնի մեջ, կամ բժշկական ծառայության իրական արժեքի և պետության կեղմից սահմանված գնի տարբերությունն է, որը վճարվում է բուժօգնություն ստացողի կողմից:

Պետության կողմից ֆինանսավորվող ծառայությունների մի մասը կարող է իրականացվել համավճարների սկզբունքով, որը լայնորեն կիրառվում է երկար տարիներ, սակայն կրում է ոչ պաշտոնական բնույթ և ֆինանսական հոսքերի զգալի և անվերահսկելի ծավալ է:

Առողջապահության ֆինանսավորման համակարգում համավճարները միշտ ձևավորվում են այն դեպքում, երբ բժշկական ծառայությունների կամ բուժման գներն ավելի ցածր են, քան իրական ծախսերը: Այս պարագայում հնարավոր է երկու տիպի համավճար:

  • Ոչ պաշտոնական համավճար

Այն գոյություն ունի երկար տարիներ, դեռևս խորհրդային ժամանակներից (այդ թվում և Հայաստանում), և որպես օրենք` լրացրել է բուժաշխատողի աշխատավարձի թերավճարումը, իսկ 90-ական թվականների երկրորդ կեսից` նաև դեղերի և բժշկական պարագաների ծախսերը:

 

  • Պաշտոնական համավճար

Այն կիրառվում է աշխարհի շատ երկրներում, տարբեր մեխանիզմներով ու նպատակներով, արդյունավետ է համարվում ոչ այնքան ֆինանսական մուտքեր ապահովելու տեսանկյունից, ինչքան բուժհաստատությունների և հիվանդների միջև հստակ, թափանցիկ և կանխատեսելի փոխհաբերություններ ձևավորելու առումով:

Ընդհանրապես, ցածր ՀՆԱ, բյուջեի ձևավորման, հավաքագրման և վճարման խնդիրներ ունեցող երկրներում համավճարը դիտարկվում է առողջապահության համակարգի ֆինանսական դժվարությունները որոշ չափով հարթելու միջոց: Այն, անշուշտ, պետք է կրի քաղաքական որոշման տեսք և ունենա ներդրման հստակ մեխանիզմներ:

 

 

Analitik.am

Նույն շարքից