Առողջապահություն 

Հայ-հնդկական համագործակցության նոր հեռանկարներ

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում հայ-հնդկական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Կարևորելով հայ-հնդկական հարաբերությունների դինամիկ զարգացումը` նախարար Դումանյանն առաջնահերթ համարեց դեղարտադրության և դեղագիտության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնումը:


Նախարարը նշված ուղղությամբ համագործակցություն ծավալելու կարևոր գրավական համարեց երկկողմ շփումները և փոխայցելությունները հայ և հնդիկ դեղարտադրող և ներմուծող ընկերությունների միջև:


Դերենիկ Դումանյանն իր խոսքում նաև ընդգծեց ապրիլին Մումբայում կայանալիք դեղագործական մեծ ցուցահանդեսի կարևորությունը` հավելելով, որ ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայկական դեղարտադրողները:


Դեսպանը շնորհավորեց պատշաճ արտադրական գործունեության (GPM) հավաստագիր ստացած ընկերությանը: Նա նշեց, որ Հայաստանում GPM հավաստագրի տրամադրումը միջազգային շուկայում ակտիվ համագործակցության կարևոր երաշխիք է:


«Երկկողմ համագործակցության զարգացման նոր գրավական կարող է դառնալ փետրվարի 2-4-ը Հնդկաստանի Դեղերի արտահանումը խթանող խորհրդի պատվիրակության այցը Հայաստան և նրանց հանդիպումը Հայաստանի դեղարտադրողների և դեղներմուծողների միության, ինչպես նաև շահագրգիռ այլ կառույցների հետ»,-ասաց Սուրեշ Բաբուն` նշելով, որ պատվիրակության մեջ ընդգրկված են լինելու 15-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ:


Կարևորելով բժշկական կրթության և բժշկագիտության դերը` Սուրեշ Բաբուն առաջարկեց հնդկական ավանդական բժշկության և հոմեոպաթիայի անվճար դասընթացների կազմակերպում, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ծանոթանալ հնդկական ավանդական բժշկության գաղտնքիներին: Նշենք, որ այն մեծապես կարևորվում է Հնդկաստանում:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր:

Նույն շարքից