Ռազմական 

Սահմանին իրավիճակը մշտապես վերահսկվում է. Սեյրան Օհանյան

analitik.am

Այսօր առավոտյան, Գորիս, Սիսիան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Մեհրաբ և Քարվաճառ ուղղություններով դեպի զորամասեր մեկնեց շուրջ 250 ծնող: Analitik.am-ի հետ զրույցում նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին Քաղաքապետարանին նման նախաձեռնության համար. «Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հնարավորություն տվեցին այս պատասխանատու օրը լինել մեր երեխաների կողքին. Չեք պատկերացնում՝ ինչ մեծ գործ է դա ծնողի համար»,- ասում էին հուզված ծնողները:


Իհարկե, նրանք խոստովանեցին, որ նաև խիստ մտահոգված են իրենց զավակների ճակատագրով, քանի որ սահմանում լարված իրավիճակ է, բայց դե, ի՞նչ կարող ես անել, եկել է ժամանակը` պետք է գնան, պատվով ծառայեն, կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ և անփորձանք վերադառնանա: Հայ մայրերին ոգեպնդում է վաղվա օրվա նկատմամբ հույսը և որդիներին առողջ տեսնելու լավատեսությունը:


Թե ինչպիսին է իրավիճակն այս պահին սահմանին, լրագրողների հետ զրույցում մանրամասնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Սահմանին իրավիճակը զինված ուժերի կողմից` ենթակա զորամասերի հրամանատարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարության համար ՝ միշտ էլ վերահսկելի է եղել` չնայած, որ երբեմն այն լինում է լարված: Այսօր միջին լարվածություն է, և վերահսկավում է զորամասերի հրամանատարների կողմից» ,-ասաց նախարարը:

 

Նրա խոսքով՝ 2014թ. իրադրությունը ցույց տվել, որ ՀՀ զինված ուժերն ի վիճակի են արձագանքել ցանկացած իրավիճակի և սառնասիրտ որոշումներ կայացնել. «Եվ կարող ենք ոչ միայն պաշտպանողական խնդիրներ իրականացնել, այլև որոշ դեպքերում՝ կանխարգելիչ պարտադրող քայլեր , որոնք զսպման մեխանիզմ են հանդիսանում հակառակորդի համար»,-վստահեցրեց Ս.Օհանյանը:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից