Ռազմական 

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի միջուկային հիմնախնդիրը կարգավորել 3-4 ամսից. Քերի

analitik.am

ԱՄՆ-ը չի պատրաստվում Իրանի հետ բանակցություններ վարել երկար ժամանակ եւ մտադիր է նրա միջուկային հիմնախնդիրը կարգավորել 3-4 ամսից:  Ընդգծել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով Բրուքինգսի ինստիտուտի կողմից կազմակերպված համաժողովում, որը նվիրված էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի փոխհարաբերություններին եւ Մերձավոր Արեւելքի դրությանը: «Մենք մտադրություն չունենք անվերջ բանակցություններ անցկացնել»,- նախազգուշացրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նա նկատի է ունեցել «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի) եւ Իրանի բանակցությունները:


Ինչպես նշել է Քերին, կողմերի միջեւ պահպանվում են «էական տարակարծություններ»: «Մենք չգիտենք՝ կկարողանանք արդյոք հասնել առաջադրված նպատակին»,- խոստովանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


Դրա հետ մեկտեղ նա հայտնել է, որ վերջին շաբաթներին «վեցյակի» եւ Իրանի կողմից դիտարկվում են «նոր գաղափարներ», որոնք, հնարավոր է՝ կօգնեն հաղթահարելու մնացած հակասությունները:


«Մենք յոթ ամսվա կողմնորոշում չունենք»,- նշել է Քերին՝ մեկնաբանելով բանակցային գործընթացի երկարացումը: «Մեր նպատակը երեք-չորս ամիսն է, նույնիսկ ավելի քիչ, եթե դա հնարավոր լինի»,- ճշտել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից