Ռազմական 

Կոտայքից զորակոչված 64 զինծառայողներ մարզկենտրոնում հանդիպել են իրենց ծնողների հետ

analitik.am

Կոտայքի մարզից զորակոչված զինծառայողների ու նրանց ծնողների հանդիպումների շարքը համալրվել է ևս մեկ տոնական միջոցառմամբ: ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի նախաձեռնությամբ մարզից զորակոչված 64 զինծառայողներ մարզկենտրոնում հանդիպել են իրենց ծնողների հետ: Միջոցառումը մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի Կեչառիս վանական համալիրի վանահայր Տեր Շահան քահանա Միրզոյանի օրհնության խոսքով:

 

Մարզպետարանում կայացած հանդիսության մասնակիցներին ողջունել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Մարզպետն իր խոսքում անդրադարձել է նմանատիպ ձևաչափով մարզում արդեն չորրորդ անգամ իրականացվող միջոցառումների անհրաժեշտությանը և այդ ձեռնարկները համարել մարզային առօրյայի կարևորագույն իրողություններ:


Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի  զինծառայողներն ու նրանց ծնողները: Այնուհետև համերգային ծրագրի շրջանակներում իրենց կատարումներով զինծառայողներին ողջունել են Կոտայքի մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:


Հանդիսության ավարտին ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը շնորհակալական խոսքեր է հղել մարզից զորակոչված զինծառայողների ծնողներին և փաստել, որ նրանց զավակներն իրենց նշանակալի մասնակցությունն ունեն հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում: Կորպուսի հրամանատարի հրամանով` մարզից զորակոչված լավագույն զինծառայողներն արժանացել են նաև համապատասխան խրախուսանքի:

Նույն շարքից