Այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում, ռուսական կայազորային դատարանում ընթացող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության գործով դատական նիստում զինծառայողը ընդունեց մեղադրանքը և հրաժարվեց ցուցմունքներ տալ: Այդ պատճառով մեղադրող դատախազը ընթերցեց նախաքննության փուլում տված մեղադրյալի ցուցմունքները:
Ըստ այդմ, Պերմյակովն ասել է, որ ոճրագործության օրը` հունվարի 12-ին, ռազմաբազայի տարածքը լքել է գիշերը ժամը 2-ի սահմաններում, իսկ զորամասից հեռացել է, քանի որ կարոտել է հարազատներին և ցանկություն է ունեցել Թուրքիայի միջով հասնել Ռուսաստան:
Ինչ վերաբերում է Ավետիսյաններին, ապա նրանց տուն Պերմյակովը, ինչպես ինքը նշել է իր նախաքննական ցուցմունքում, մտել է փող և թանկարժեք իրեր գողանալու մտադրությամբ: Բայց հանցանքը կատարելուց հետո վերցրել է ընդամենը 5000 դրամ ու բջջային հեռախոսներ, բայց տնից դուրս գալուց հետո հեռախոսներից հանել ու շպրտել է հեռախոսային քարտերը:
Ավետիսյանների տանը սպանությունը, ըստ նրա ցուցմունքի, տևել է շուրջ 15 րոպե: