Դեկտեմբերի 13-ի առավոտյան` ժամը 7:30-8:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանցի դիպուկահարները կրակ էին բացել Բերքաբերի ուղղությամբ և վիրավորել ջրամբարում ձուկ որսացող Աղասի Թամրազյանին: Նա ծնկներից ներքև մի քանի գնդակ էր ստացել: Yerkir.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը տեղեկացրել է, որ շաբաթ օրը ռենտգեն են արել, և պարզվել է, որ գնդակները Թամրազյանի ոտքի փափուկ մասերին են դիպչել: «Աղասին իրեն լավ է զգում, արդեն տուն ենք բերել, պետք է միայն վիրակապը փոխվի: Դժվարությամբ, բայց նաև քայլում է»,- ասաց գյուղապետը: Նա նշեց նաև, որ հակառակորդը գյուղի ուղղությամբ «մեկ ու մեջ» կրակում է:
Սկզբնաղբյուրը` yerkir.am