Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հաստատել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Հայաստանի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը փոխանցվել է Հայաստանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Պերմյակովին ՀՀ 7 քաղաքացիների սպանության համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ նրա նկատմամբ քրեական գործը 29.08.1997-ից Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված գործերի վերաբերյալ իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագրի հիման վրա ուղարկվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, որոնք կկայացնեն համապատասխան որոշում»,- հինգշաբթի օրը հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: