Առողջապահություն 

Հայաստանում տարեկան գրանցվում է 53 հազար հղիություն, որից 43 հազարն ավարտվում է ծննդալուծմամբ. Արմեն Մուրադյան

Հայաստանում վերջին շրջանում գրանցված ծննդկանների մահվան դեպքերը պետք է քննվեն իրավապահ մարմինների կողմից: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարն ասաց, որ մայրական մահացությունը ամբողջ աշխարհում լրջագույն խնդիր է: Նրա խոսքերով՝ Հայաստանում մայրական մահացությունը 1990-ականների սկզբին 100 հազար կենդանածնի հաշվով կազմել է 53 դեպք, 2000 թվականին այդ թիվը կազմել է 71: Ըստ նրա՝ մշակվել և կյանքի են կոչվել մի շարք պետական ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավոր եղավ նվազեցնել մայրական մահացության դեպքերը:

«Այժմ այդ ցուցանիշը 71-ից իջել է 18.6-ի: Համեմատության համար ասեմ, որ ԱՊՀ երկրներում այս թիվը կազմում է 29.3: Հայաստանում անցած տարի գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, այս տարվա 7 ամիսներին` 5 դեպք: Իհարկե վիճակագրական տվյալները շատ խոսուն են, և մենք մեկնաբանում ենք որպես դրական, բայց յուրաքանչյուր նման դեպքը մենք քննարկում ենք նաև որպես ողբերգություն և ձգտում ենք զրոյացնել: Աշխարհում որևէ երկիր չկա, որին հաջողվում է զերծ մնալ նման դեպքերից: Արևմտյան Եվրոպայի երկրներում այդ ցուցանիշը իջնում է մինչև 5, Արևելյան Եվրոպայում` 16»,- ասաց Ա.Մուրադյանը:

Նա նաև ասաց, որ վերջին շրջանում նկատելի է բացասական վերաբերմունք բժիշկների նկատմամբ: «Հայաստանում տարեկան գրանցվում է 53 հազար հղիություն, որից 43 հազարն ավարտվում է ծննդալուծմամբ: Հղիության արհեստական ընդհատումների թիվը հասնում է 7 հազարի, 3500-ը հղիության ինքնաբերաբար ընդհատումներն են, որոնք մտնում են այն 18 հազար դեպքի մեջ, որի մասին կուզեի խոսել: Տարեկան Հայաստանում 18 հազար հղիության պաթոլոգիա է գրանցվում, որոնցից 1-2 տոկոսը կյանքին ուղիղ վտանգ սպառնացող վիճակներն են: Դրանք շուրջ 200-300 դեպքեր են: Մեր ծրագրերն ուղղված են, որ մայրական մահացությունը նվազի, և փաստացի թվերը վկայում են, որ նվազում է: Սա վիճակագրություն է, որի հետ չենք կարող մենք որևէ կերպ հաշվի չնստել: Այն 300 դեպքերը, որոնցով բժիշկները կյանքի ու մահվան կռիվ են տալիս, նրանք փաստացի ապրում են, և մենք չենք կարող դիտարկել ամբողջ համակարգի աշխատանքը առանձին դեպքերի հետ կապված»,- հայտնեց Ա.Մուրադյանը:

Նույն շարքից