Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի փաստաբանները միջնորդելու են, որպեսզի Պերմյակովի նկատմամբ քրեական գործ հարուցվի սահմանը դիտավորությամբ հատելու փորձի համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը և Միհրան Պողոսյանը:
«Պերմյակովի դատավարության ընթացքում հայտնի դարձավ, որ սահմանն ապօրինի հատելու փորձում դիտավորություն չի եղել», -ասաց Լուսինե Սահակյանը, չնայած նրան, որ իր և մյուս գործընկերների համար, դատելով Պերմյակովի ցուցմունքներից, ակնհայտ է, որ եղել է:
«Չնայած շատ քիչ նյութեր հրապարակվեցին Պերմյակովի ցուցմունքներից, նույնիսկ դրանցից երևում էր, որ Հայաստանը այդ զինվորների համար աքսորավայր է դիտարկվում, թեպետ իրենք փորձում էին տպավորություն ստեղծել, որ իրենք ընտրում են լավագույն զինվորներին՝ 102-րդ ռազմաբազա ուղարկելու համար»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Նա այս համատեքստում նշեց, որ այս տրամաբանությունն անհասկանալի է, եթե Պերմյակովն օրինակ՝ մինչև Գյումրի գալը 8 անգամ դասալքություն է արել: «Եվ այդ անձը համարվում է լավագույն կադր»,-նշեց Լուսինեն:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ տպավորություն էր, թե Վալերի Պերմյակովն առհասարակ չի հասկանում՝ ո՞ւր է, ինչ է արել. «Պերմյակովի պահվածքը տարօրինակ է հատկապես նրանով, որ թեպետ միավանկ՝ «այո», «ոչ»-երով է պատասխանում, սեփական դատավարության ժամանակ քնում–արթնանում է»: Երվանդ Վարոսյանի համար առաջին իսկ վայրկյանից պարզ է դարձել, որ արագացված ու կողմերի միջև համաձայնեցված դատավարություն է տեղի ունենալու:
Այս հարցում ևս հստակություն չմտցվեց, նա իրավո՞ւնք ուներ բանակ զորակոչվելու, թե ոչ: Եթե չուներ, ապա նա նաև զենք կրելու իրավունք չպետք է ունենար: Համենայն դեպս, ըստ փաստաբանների՝ ռուսական կողմը ջանք չի ներդրել նրան զորակոչած անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
«Այդ է պատճառը, որ մենք պահանջելու ենք, որ դատահոգեբանական փորձաքննություն նշանակվի, չնայած հույս չունենք, որ ռուսական կողմին հակասող պատասխան կստացվի»,-հայտարարեց Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբաներից Երեմ Սարգսյանը։