Մշակույթ 

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունենալու Մյուռոնօրհնեքի արարողությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 27-ին տեղի է ունենալու նվիրական իրադարձության` Մյուռոնօրհնեքի արարողությունը, որի պատրաստությունները սկսվում են 40 օր առաջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

«Ահա, երեկ ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին և փակվեց շղարշե ծածկոցով: Այսուհետև ամեն օր` երեկոյան ժամերգությունից հետո, կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք: Ուստի մինչև Վեհափառ Հայրապետի կողմից Մյուռոնի օրհնությունը, միասին վիրտուալ հոգևոր ճանապարհորդություն կկատարենք` ամեն օր ծանոթանալով Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը և հարակից մյուս խնդիրներին: Կարծում եմ, որ հետաքրքիր է լինելու, ինչպես նաև շահեկան մեր մտքի և հոգու համար: Այնպես որ 40 օր զինվում ենք հոգևոր գիտելիքներով` նաև համացանցի միջոցով պատրաստվելով Մյուռոնի սրբազան արարողությանը: Հետևե´ք, տարածե´ք և օգտվե´ք»,- գրել է Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից ի վեր Սուրբ Մյուռոնի (օրհնված կարագ կամ յուղ) օրհնությունը վերապահվում էր միայն Եկեղեցու նվիրյալ հովվապետին` Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Սուրբ Մյուռոնօրհնեքը կատարվում է յոթ տարին մեկ անգամ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցմամբ:

Սփյուռքի տարբեր թեմերից ուխտագնացների խմբեր, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից հավատացյալներ են ժամանում Հայաստան` այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու համար:

Նույն շարքից