Իրավական 

Արգիշտի Կիվիրյանն արդարացվել է Կոմիտասի 5-ի գործով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր արդարացրել է քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին` Կոմիտաս 5-ի` գործով մեղադրանքով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը: Այս մասին Արգիշտի Կիվիրյանը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում:

Ներկայացնում ենք նրա գրությունն ամբողջությամբ:

 

«Սիրելիներս, այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Կոմիտաս 5-ի հայտնի դեպքերով իմ նկատմամբ կայացրեց արդարացման դատավճիռ: Իհարկե, չեմ հավատում, որ Հայաստանում կա արդարադատություն՝ եթե այն լիներ, ապա ես երկու տարի իմ ժամանակը չէի վատնի Հայաստանի ոստիկանությունում, քննչական մարմիններում և դատարաններում, և ոչ էլ իմ նկատմամբ կլիներ առաջադրված մեղադրանք, իսկ այսօր էլ ամբաստանյալի աթոռին նստած կլինեին իմ դեմ բռնություններ իրականացրած ոստիկանները: Ինչևիցե, անկախ թե ինչպիսի համակարգ է տիրում երկրում, ցանկացած քաղաքացի պարտավոր է բոլոր հնարավոր միջոցներով պայքարել իր իրավունքների համար և գուցե այդ կերպ հնարավոր լինի հասնել ինչ-որ արդյունքի: Եվ այսօրվա արդյունքի համար ես ցանկանում եմ հայտնել իմ շնորհակալությունը իմ փաստաբաններին՝ Lusine Sahakyan -ին և Yervand Varosyan -ին, լրագրողներին, իմ ընկերներին և համախոհներին, որոնց քրտնաջան աշխատանքի և այս կամ այն կերպ ցուցաբերված աջակցության շնորհիվ հնարավոր եղավ գրանցել այս արդյունքը: Պայքարը շարունակվում է, միշտ միասին...»։

Նշենք, որ որոշ ժամանակաշրջաններում Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ մոտ մեկ տասնյակի չափ վարույթներ էին հարուցված:

Նույն շարքից