Առողջապահություն 

Հոնը ավանդական բժշկության մեջ

analitik.am

Հոնը մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ։


Բուժահումք են հանդիսանում արմատը, կեղևը, տերևը, պտուղը, նույնիսկ կորիզը։


Պտուղը հարուստ է P-ակտիվություն ունեցող նյութերով (ռուտին) և ասկորբինաթթվով, ինչի շնորհիվ ունի ճնշումն իջեցնող հատկություն։ Հարուստ է կարոտինով, պարունակում է տոկոֆերոլներ (E), ունի հակաօքսիդանտ հատկություն։ Կալիումը և մագնիումն օգտակար են սրտին։


Հոնի պտուղը լավացնում է ախորժակը, սթափեցնում գինովցած մարդուն, որպես կանխարգելիչ միջոց` խորհուրդ է տրվում, եթե կա սնդիկից կամ կապարից թունավորվելու վտանգ։ Պտղի մեջ պարունակվող պեկտինը և բջջանյութը նպաստում են թույների հեռացմանն օրգանիզմից։ Հյութն օգտակար է շաքարային դիաբետի, կարծրախտի (սկլերոզ), մրսածության, գիրության դեպքում, կանխարգելում է ածխաջրերի փոխակերպումը ճարպի։


Պտուղը հարուստ է օրգանական թթուներով` խնձորի, կիտրոնի, սաթի (մինչև 3,5 տոկոս)։


Չինացիները պտղի թուրմով բուժում են ցիստիտը, ականջների աղմուկը, հյութը և օշարակը խորհուրդ են տալիս` որպես օրգանիզմն ամրացնող միջոց։ Հոնի հյութը բուժում է խորը վերքերը, գինու հետ խառնուրդը հեռացնում է իժի թույնը։


Արմատը կամ կեղևը վայրի տանձենու պտղի հետ (1։3) համատեղ եփված` բուժում են լուծը։


Պտղի արմատի կամ կեղևի եփուկը կիրառում են մալարիայի, տենդի, թոքախտի բուժման ժամանակ։


Հոնի և վայրի տանձենու պտուղներից պատրաստված կոմպոտն օգտակար է միզապարկի, երիկամների բորբոքման դեպքում, նվազեցնում է միզաթթվի պարունակությունն օրգանիզմում, նպաստում է մանր քարերի հեռացմանը։


Հոնի և խնձորի թանձր եփուկն ավելացնում է արյունը։



 Զգուշացում։ Պտուղը և թարմ հյութը հակացուցված են` ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։ 

Նույն շարքից