Առողջապահություն 

Բեռնաթափման օրեր

analitik.am

Չուտելը օգտակար է 

Դիետոլոգները վստահեցնում են, որ անհրաժեշտ է շաբաթը մեկ մաքրել օրգանիզմը։ Ցանկացած ճոխ կերուխում օրգանիզմի համար վերածվում է իսկական փորձության, երեկույթից հետո մենք հուսահատված դիմում ենք «հացադուլի»։ Սակայն հերթական երեկույթը ի չիք է դարձնում մեր բոլոր ջանքերը, և մենք կրկին նստում ենք «հաց ու ջրի վրա»։

Օրգանիզմը պետք է աստիճանաբար սովորեցնել բեռնաթափման։ Կուշտ ուտել-խմելուց մեկ օր հետո քաղցած մնալը ոչ մի օգուտ չի տա։ Նախեառաջ՝ լավ կլինի սահմանափակել սննդի քանակը։ Իսկ արդեն լիարժեք բեռնաթափման օր կարելի է կազմակերպել խնջույքից երեք-չորս օր հետո։
Բեռնաթափման օրը ճիշտ կազմակերպելով՝ դուք 500 գրամ կկորցնեք ձեր քաշից։ Այս դեպքում, ինչպես և դիետայի ժամանակ, օրգանիզմը ակտիվորեն սկսում է այրել ճարպերի պաշարը։
Դիետային հետևելը հիմնականում վնաս է հասցնում առողջությանը։ Դրանից հետո կորցրածից ավելի շատ կիլոգրամներ հավաքելու հավանականությունը մեծ է։ Օրգանիզմի բեռնաթափման դեպքում դա ձեզ չի սպառնում։ Ընդհակառակը՝ այն մաքրում է օրգանիզմը՝ այնտեղից դուրս բերելով խարամները։
Բեռնաթափման օրը պետք է սկսել արդեն դրա նախօրյակին։ Որքան հնարավոր է շատ հեղուկ խմեք, երեկոյան ութից հետո ոչինչ մի կերեք, իսկ հաջորդ օրը սկսեք 1 բաժակ ջուր խմելով և թեթև նախաճաշով։ Այս դեպքում, փաստորեն, դուք բեռնաթափման երկու օր կանցկացնեք։
Խորհուրդ  չի  տրվում  բեռնաթափման   օրեր   կազմակերպել ստամոքսի  հիվանդությունների, ցածր ճնշման, ինչպես նաև ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքերում։ Նույնիսկ եթե նման խնդիրներ գոյության չունեն,  դիետոլոգները  զգուշացնում են, որ բեռնաթափման ժամանակ   ձեր   ինքնազգացողությունը կարող է վատանալ։  Դա նշանակում է՝ ձեր օրգանիզմը դեռ պատրաստ չէ այդ փորձությանը։ Խորհուրդ է տրվում չշտապել և սկզբի    համար    օրգանիզմի «մաքրությանը»  տրամադրել նախ օրվա միայն կեսը։ Այնուհետև    օրգանիզմը բեռնաթափեք     ամիսը մեկ՝   աստիճանաբար անցնելով   մեկշաբաթյա օրակարգին։
Որոշ ժամանակ անց օրգանիզմի բեռնաթափումը կդառնա սովորություն, ինքնազգացողությունը նկատելիորեն կլավանա, և այլևս ստիպված չեք լինի սովամահ անել ձեզ ամեն տեսակի դիետաներով։
Բեռնաթափման օրը, ըստ էության, փոքրիկ մոնոդիետա է. օրվա ընթացքում թույլատրվում է ուտել միայն մեկ տեսակի մթերք։ Դա կարող է լինել կեֆիրը, կաթը, կաթնաշոռը, միսը, ձմերուկը, խնձորը, հատապտուղները և այլն։ Մրգերը հարուստ են վիտամիններով և հանքային նյութերով, իսկ նրանց մեջ պարունակվող մեծ քանակությամբ կալիումը նպաստում է օրգանիզմից խարամների և ավելորդ ջրի դուրս բերմանը։ Ամենահայտնի մոնոդիետան խնձորով բեռնաթափումն է։ Դրա օգնությամբ օրվա մեջ կարելի է նիհարել 1 կգ։ Ձմերուկը հրաշալի մաքրում է երիկամները և օգտակար է սրտին։ Իսկ հապալասով բեռնաթափումը խորհուրդ Է տրվում գրասենյակային աշխատողներին, ովքեր ամբողջ օրը անցկացնում են համակարգչի առջև։ Ընտրության հիմնական գործոնը համային նախապատվությունն Է, բայց պետք Է հաշվի առնել նաև, որ «բեռնաթափող» մթերքը ձեզ պետք Է ապահովի Էներգիայով և սննդարար նյութերով։ Եթե    օրգանիզմն ի վիճակի է մեկ ամբողջ օր դիմանալ A, D, E,և K վիտամինների հին պաշարներով, ապա ջրի մեջ լուծվող B և C խմբի վիտամինները պետք Է լրացնել ամեն օր։

Նույն շարքից