Առողջապահություն 

ՊՆ և առողջապահության նախարարություն համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ կստեղծվի

analitik.am

Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է 2013թ. ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել է, որ ռազմաբժշկական ծառայությունը հետևողական է յուրաքանչյուր զինվորի առողջության պահպանման հարցում:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը: Քննարկվեցին նաև նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները: Ընդգծվեց, որ նորակոչիկները պետք է ցանկացած տեսակի վարակներից ու հիվանդություններից ապահովագրված մեկնեն ծառայութայն: Այդ նպատակով մի խումբ բժիշկ-մասնագետներ այցելել են տարբեր զորամասեր և ստուգել զինվորների առողջական վիճակը: Ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվեցին ստուգայցերին մասնակցած մասնագետների կողմից արձանագրված ախտանշանները:

Խորհրդակցության արդյունքում որոշվել է ստեղծել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ, որը կքննի վերջին շրջանում կայծակնային արագությամբ զարգացող հիվանդությունների առաջացման դրդապատճառներն ու կձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:

Նույն շարքից