ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց այս տարի մարզերից նպատակային կլինիկական օրդինատուրա ընդունված ուսանողների հետ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օրդինատուրայում ուսանելուց հետո Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տարբեր մասնագիտություններով սովորող ավելի քան երեք տասնյակ երիտասարդի առջեւ դրված է մինչեւ հինգ տարի մարզում աշխատելու պայման, որն ամրագրված է պայմանագրով:
Ողջունելով ապագա բժիշկներին` նախարարը կարեւորեց մարզերի առողջապահական խնդիրների լուծումը, մարզային բժշկական կազմակերպությունների երիտասարդ որակյալ կադրերով ապահովումը: Նշվեց, որ կլինիկական օրդինատորները պայմանագրային հարաբերությունների ողջ ընթացքում լինելու են ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
Օրդինատորները ներկայացրեցին նեղ մասնագիտացման հետ կապված իրենց մտահոգություններն ու առաջարկները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ արտերկրում վերապատրաստվելու հնարավորությունները:
Անդրադարձ կատարվեց նաեւ մարզային բժշկական կենտրոնները նորագույն սարքավորումներով հագեցման խնդիրին:
Ամփոփելով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին անկաշկանդ քննարկման համար, մեծապես կարեւորելով երիտասարդների շարունակական բժշկական կրթության զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը, մաղթելով երիտասարդներին նորանոր մասնագիտական հաջողություններ: Արմեն Մուրադյանը հորդորեց ուսանողներին նեղ մասնագիտական ուղղություն ընտրելիս ճիշտ գնահատել սեփական կարողություններն ու գիտելիքները: Նախարարը նշեց, որ մարզը եւս պետք է շահագրգռված լինի, որպեսզի որակյալ բժիշկը վերադառնա եւ ամրապնդվի այնտեղ: Արմեն Մուրադյանի խոսքով` մասնագիտական գործունեության սկզբում մարզում աշխատելը երիտասարդի կյանքում կարեւոր հետք է թողնում` ապահովելով կայանալու, հմտությունները զարգացնելու հնարավորություն:
Նշենք, որ ավանդական այս հանդիպման նպատակ է մարզերի ռեզիդենտների եւ կլինիկական օրդինատորների հետ քննարկել նրանց հետագա աշխատանքի, մասնագիտացման պայմանների, իրականացվող ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: