Գիտություն 

Աշոտյանը հանդիպում է ունեցել Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մարզային փուլն ամփոփել է ՀՀ Կոտայքի մարզում, ուր հանդիպում է ունեցել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման սկզբում Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը նշել է, որ մարզպետարանում մանրամասն վերլուծության են ենթարկվել նախորդ ուսումնական տարվա արդյունքները եւ նախանշվել ապագային միտված նոր ծրագրեր: Նրա խոսքով՝ մարզի կրթության ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան ապահովել դպրոցների կայուն աշխատանքը եւ աշակերտներին որակյալ գիտելիքների տրամադրումը:

Այնուհետեւ Կոտայքի մարզի կրթության բնագավառում 2014-2015 ուսումնական տարում իրականացված աշխատանքների եւ 2015-2016 ուսումնական տարվա ծրագրերի մասին զեկույց է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովհաննես Կոստանյանը: Նրա խոսքով՝ հաշվետու տարում մարզի բոլոր 105 հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների ընդհանուր թիվը կազմել է 33703, ուսուցիչներինը՝ 3107, դասարաններինը՝ 1637: Նրա խոսքով՝ նոր ուսումանական տարվան ընդառաջ ձեւավորվող առաջին դասարաններ նախնական տվյալներով կհաճախեն ավելի քան 3900 աշակերտներ:

Իր ելույթում վարչության պետն անդրադարձել է գյուղական դպրոցների խնդրին, տեսչական ստուգումների, աուդիտի եւ  ընթացիկ վերահսկողության  արդյունքներին, ինչպես նաեւ դպրոցի տնօրենների ընտրության, ներքին գնահատման համակարգի, ուսուցիչների մասնագիտական որակավորման շարունակական  կատարելագործման, դպրոցների հիմնանորոգման եւ այլ հիմնախնդիրների:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կոտայքի մարզի մանկավարժներին է ներկայացրել պետական կրթական քաղաքականության գերակայությունները եւ գալիք ուսումնական տարվա հիմնական նախաձեռնությունները: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է պարտադիր 12-ամյա կրթության եւ համընդհանուր ներառականության անցման, ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի վերանայման, դպրոցներին նոր աշակերտական կահույքով եւ համակարգչային տեխնիկայով ապահովման խնդիրներին: Արմեն Աշոտյանն ընդգծել է բարեփոխումների հարցում մարզպետարանների հետ համատեղ միասնական կրթական քաղաքականության իրականացման կարեւորությունը: Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դասագրքերի փորձաքննության, ուսուցիչների թափուր տեղերի հարցաշարերում մեթոդամանկավարժական եւ մասնագիտական հարցերի ներառման, ուսուցիչների վերապատրաստման, դպրոցներում երրորդ օտար լեզվի, ուսուցիչների՝ սոցապահովության փաթեթում ներգրավվածության, հարցաշարերի վերանայման եւ այլ խնդիրների:

Լրագողների հետ զրույցում ամփոփելով ՀՀ երեք մարզեր կատարած այցերը՝ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ գալիք ուսումնական տարվա նախաշեմին, երբ ամփոփվում է  նախորդ ուստարին, պետք է  արձանագրել, որ այն հաջողված է. «Բոլոր առկա խնդիրներով հանդերձ՝ մեզ հաջողվել է կյանքի կոչել կրթության ոլորտի գերակայությունները, իրականացնել բոլոր ծրագրերը, որոնց մասին խոսել ենք անցյալ տարի: Գալիք ուսումնական տարվա նախաշեմին պետք է արձանագրել, որ որոշ հին խնդիրներ պահպանվել են, բայց կան նոր նախաձեռնություններ: Այն երեք մարզերը, որոնք ես այցելել եմ,  հիմնականում պատրաստ են ընդունել աշակերտներին, դասագրքերը ժամանակին կտրամադրվեն, ավագ դպրոցներին եւ խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին կտրվեն նոր աշակերտական գույք եւ համակարգչային տեխնիկա: Այս երեք մարզերում էլ  կա նախադպրոցական կրթության կազմակերպման խնդիր, ուստի նախարարությունը կօգնի այդ մարզերում հիմնել նախակրթարաններ, որտեղ ավելի մեծ թվով երեխաներ կարող են կրթություն ստանալ: Այսինքն, մեր բոլոր նախաձեռնությունները միտված են դեպի երեխան, որի պայծառ ապագայի համար պետք է տալ որակյալ կրթություն: Ըստ այդմ՝ բոլոր կրթական  նախաձեռնությունների տակ ընկած է եւ՛ մեր կողմից խնդիրների գիտակցումը, եւ լավագույն միջազգային փորձը, որը ցանկանում ենք տեղայնացնել, ազգայնացնել»,- շեշտել է նախարարը: Նշենք, որ հանրապետության մյուս մարզերում եւս ընթանում են օգոստոսյան խորհրդակցություններ, որոնք անցկացնում են կրթության ոլորտի մյուս պատասխանատուները:

Նույն շարքից