Առողջապահություն 

«Կտրելու գործը»...ԱՄՆ վիրաբուժական սխալները

Յուրաքանչյուր տարի ամերիկացի վիրաբույժներն իրենց հիվանդների օրգանիզմում ցրվածության պատճառով մոտ 1500 անձեռոցիկ, սեղման և վիրաբուժական այլ պիտույքներ են թողնում։ Ու չնայած, որ այս թիվն ահասարսուռ է թվում, մասնագետների կարծիքով, իրավիճակը կարելի է բավարար գնահատել։ Նրանց պնդմամբ այդ թվերը բնավ աղաղակող չեն, եթե հաշվի առնենք, որ ամեն տարի Միացյալ Նահանգներում մոտ 28 մլն վիրահատություն է կատարվում։

 

Վիրաբուժական սխալների թիվը հաշվելու գաղափարն առաջացավ բոստոնյան «Բրիգհեմ և Վիմենգեր»հիվանդանոցի և Հարվարդի համալսարանին կից հանրային առողջության դպրոցի մասնագետների մոտ։ Լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքում վերլուծության ենթարկվեցին վիրահատության մոտ 800 հազ. դեպքեր, որոնք վերջին 16 տարիների ընթացքում իրականացվել էին Մասաչուսեթս նահանգում։

 

Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ վիրահատական միջամտությունների ժամանակ 54 հիվանդների օրգանիզմում վիրաբույժները մոռացել էին 61 տարբեր առարկաներ։ Դրանք հիմնականում անձեռոցիկներ էին, ավելի հազվադեպ` սեղմաններ և էլեկտրոդներ։ Ամենից հաճախ այդ առարկաները թողնում էին որովայնի խոռոչում և, որպես կանոն, դրա հետևանքով երկրորդ վիրահատության անհրաժեշտություն էր առաջանում։ Լինում էին դեպքեր, երբ մոռացված առարկաներն իրենց մասին շատ ուշ էին հիշեցնել տալիս։

 

Պետք է նշել, որ բժիշկների մոռացկոտությունն ու ցրվածությունը բնավ պայմանավորված չէ վիրահատության ընթացքով կամ բարդությամբ։

 

Այդ դեպքում ի՞նչն է պատճառը։ Մասնագետները գտնում են, որ այդ ամենը տեղի է ունենում ոչ սովորական և գերլարված իրավիճակներում։ Բանից պարզվում է, որ ծանր քաշ ունեցող հիվանդներն այդ առումով ավելի խոցելի են, քան թեթև քաշ ունեցողները։ Հետազոտությունները ևս վկայում են այդ մասին. վիրահատության ընթացքում«մոռացված» առարկաների «տեր» դարձած հիվանդների 75% ծանր քաշ են ունեցել։

 

Աթուլա Ջավանդեի գլխավորությամբ աշխատող բոստոնցի գիտնականները վիրաբույժներին խորհուրդ են տվել ավելի հաճախ կատարել կրկնակի ռենտգեն հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան «տեսնելու»հիվանդի օրգանիզմում մոռացված մետաղյա առարկաներն ու անձեռոցիկները։ Բացի այդ, գործի է դրվել նաև մեկ այլ մեթոդ. յուրաքանչյուր վիրահատությունից առաջ և հետո հաշվել են վիրաբուժական պիտույքները։ Այս մեթոդը, օրինակ, վաղուց ի վեր կիրառվում է լոնդոնյան շատ հիվանդանոցներում, սակայն, ցավոք սրտի, մոռացկոտ ու ցրված վիրաբույժների թիվը դրանից չի կրճատվում։




Սկզբնաղբյուրը՝ ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)

Նույն շարքից