Մշակույթ 

Ցուցադրվել են «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի կողմից իրականացվող «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոց» դասընթացների մասնակից ուսանողների ավարտական ֆիլմերը

Ս. թ. հուլիսի 23-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ցուցադրվել է «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի կողմից իրականացվող  «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոց» դասընթացների ուսանողների ավարտական ֆիլմերը:


Ցուցադրությանը ներկա էին «Հայ Արտ Սինեմա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանը /ՀՀ մշակույթի նախարար/, խորհրդի անդամներ` Դավիթ Մուրադյանը /Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր/, Ռոման Բալայանը /ռեժիսոր/, Ռուբեն Գևորգյանցը /Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ/, Մարտուն Ադոյանը /«Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր տնօրեն/, ինչպես նաև հրավիրյալ փորձագետներ` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ԵԹԿՊԻ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Անետա Երզինկյանը, ԵԹԿՊԻ կինոյի ամբիոնի վարիչ Գարեգին Զաքոյանը, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

Ցուցադրվել են ուսանող-հեղինակների դիպլոմային 10-ը ֆիլմ, որոնք նկարահանվել են ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոման Բալայանի  ղեկավարությամբ: Ֆիլմերի քննարկման արդյունքում, որպես առավել հաջողված աշխատանքներ նշվել են Տ. Հակոբյանի «Ավելորդը» և Գ. Մադոյանի «Ճանապարհ» ֆիլմերը:

 

Քննարկվել են նաև «Կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթացների» շարունակման, կազմակերպչական, ինչպես նաև մասնագիտական աշխատանքների բարելավման հարցերը: Համաձայն քննարկման ընդհանուր եզրակացության` «Կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթացները» գնահատվել են որպես կինոոլորտում երիտասարդ ռեժիսորների որակավորման և մասնագիտական կատարելագործման անհրաժեշտ գործընթաց: Խորհուրդը նպատակահարմար է գտել հաջորդ ուսումնական տարվանից «Կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթացները»  փոխարինել «Ռեժիսորական և սցենարական բարձրագույն դասընթացներով»` հաշվի առնելով հայ կինոյի համար սցենարական կադրեր պատրաստելու անհրաժեշտությունը:

 

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի կողմից համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելուց և հաստատելուց հետո, հիմնադրամի և ինստիտուտի միջև կկնքվի համապատասխան համագործակցության պայմանագիր:

Նույն շարքից