Մշակույթ 

Նշվեց Մխիթարյան Միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180 ամյակը

Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Մխիթարյան Միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180 ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էր նաև Մխիթարյան միաբանության անդամ, վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանը:


 

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց Մխիթարյաններին վարժարանի 180 ամյակի առթիվ՝ նշելով, որ հեռատես գտնվելով՝ Մխիթարյանները 180 տարի առաջ հիմնեցին այս դպրոցը՝ գլխավոր սկզբունք դարձնելով հայ հավատի, կրթության, մշակույթի և լեզվի պահպանումը: Աշխարհի տարբեր երկրներում 36 այսպիսի դպրոցներ են ստեղծվել, որոնց հազարավոր սաներ բոլոր ժամանակներում եղել են անվանի մտավորականներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ: Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի Օ դե Սենի մարզպետ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, հայազգի Պատրիկ Դևեջյանի մեծ աջակցությունն այս վարժարանին, որի շրջանավարտն է նա: Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց Մխիթարյանների իրական ժառանգորդ Հարություն վարդապետ Պզտիկյանին վարժարանի գործունեության մեջ ունեցած մեծ վաստակի համար, որն իր երկարամյա գործունեության ընթացքում և այսօր էլ մեծ պատիվ ու հեղինակություն է բերում: Ֆրանսիական կառավարությունը ավանդաբար մեծ կարևորություն է տվել և տալիս այս վարժարանին:


 

Սևրի կենտրոնի 180-ամյա գործունեության համառոտ պատմությունը ներկայացրեց Հարություն վարդապետ Պզտիկյանը:


 

Հայ մշակույթի պահպանման գործում Մխիթարյանների դպրոցի դերի մասին պատմեցին և 180 ամյակի առթիվ շնորհավորեցին Արմեն Տեր-Ստեփանյանը Մ.Մաշտոցի անվան Մատենադարանից և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:

 

Միջոցառմանը ցուցադրվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով նկարահանված  Սևրի կենտրոնի 180-ամյա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմ, տեղի ունեցավ կենտրոնի պատմությունը լուսաբանող լուսանկարների, գրքերի և Մխիթարյանների վարժարանների նշանավոր սաների մասին արխիվային այլ նյութերի ցուցադրություն:


 

Հնչեցին Մխիթար Աբբահոր շարականներ, Ղևոնդ Ալիշանի և Մկրտիչ Պեշիկթաշլյանի ստեղծագործությունները ներկայացրին Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները:

Նույն շարքից