Մշակույթ 

Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում բացվել է ամենամյա մշակութային փառատոնը

Ռումինիայի Դումբրավեն քաղաքում հուլիսի 25-26-ին կազմակերպվել է մշակութային ամենամյա փառատոնը: Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը տեղի արվեստասերների աջակցությամբ Տրանսիլվանիայի հայաշատ այդ քաղաքում համախմբել էին նշանավոր արվեստագետների և մտավորականների: Փառատոնը բացվել է Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում` նկարիչ Միհայ Նեկիտա Բուկուլեցի ցուցահանդեսով, ուր ողջույնի և գնահատանքի խոսքերով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, բանաստեղծ ու խմբագիր Նիկոլաե Բաչուցը և կազմակերպիչներից դոկտոր Վասիլե Հաբորը:

 

Հաջորդ օրը դասախոսություններով հանդես են եկել Բուխարեստի Արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նշանավոր նկարիչ և գրող Գեորգե Անգելը և ակադեմիկոս, մշակույթի նախկին նախարար Ռազվան Թեոդորեսկուն: Վերջինս, խոսելով միջնադարյան Դումբրավենի մասին, նշեց այն կարևոր դերը, որ հայերը խաղացել են ողջ Տրանսիլվանիայի պատմության մեջ:

 

Իր հերթին դեսպան Գասպարյանը, խոսելով ռումինական կյանքի մեջ հայերի դերի և հետքի մասին, վստահություն է հայտնել, որ այս տարվա սկզբին Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանում բացված Հայագիտության ինստիտուտը կնպաստի հայկական ժառանգության վերհանմանը և ծանոթացմանը: Իր խոսքում դեսպանը մասնավորապես նշել է. «Կարծում եմ, որ այն կօգնի շատերին, հատկապես երիտասարդներին` վերագտնելու և վերահաստատելու իրենց ինքնությունը, նույնիսկ մեզ` Հայաստանում ապրող հայերիս` մեր ազգային ինքնությունը լրացնելու պակասող բեկորներով, որոնք ցրված են աշխարհով մեկ»: Երեկոյան Սուրբ Եղիսաբեթ տաճարում հնչել է դասական երաժշտություն նշանավոր ջութակահար, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ալեքսանդրու Տոմեսկուի կատարմամբ, Ադ Լիբիտում քառյակի կազմում:

 

Փառատոնը փակեց Գեռլայի հայկական պարախումբը: Փառատոնի շրջանակներում դեսպան Գասպարյանն ապակենտրոնացված մակարդակով կապերն աշխուժացնելու շուրջ խորհրդակցություններ է ունեցել քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի և սենատոր Վիորել Արկաշի հետ:

 

Նույն շարքից