Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, որի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնին, Համբուրգի կինոփառատոնի շրջանակներում մրցանակի է արժանացել, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:
Փառատոնի տնօրեն Ալբերտ Վիդերշպիլը նշել է, որ Աքընը թե՛ Թուրքիայում, թե՛ Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի սերնդի համար օրինակ է հանդիսանում:
Նա հիշեցրել է, որ համբուրգցի ռեժիսորի ֆիլմերի մեծ մասը հենց Համբուրգ քաղաքում են նկարահանվում: «Այդկերպ՝ Աքընը նպաստում է, որ մեր քաղաքը, մեր ֆիլմերը տեղ գտնեն համաշխարհային քարտեզին»,-ասել է Վիդերշպիլը:
Դուգլաս Սիրք մրցանակը, որը հանձնվելու է Աքընին, կրում է Համբուրգում ծնված ռեժիսոր Դուգլաս Սիրքի անունը: Այն շնորհվում է մշակույթի և ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած անձանց:
Մրցանակն Աքընին կհանձնվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմի՝ Գերմանիայում կայանալիք պրեմիերայի ընթացքում: