Մեզ համար երաժշտական դպրոցները կրթություն ստանալու ամենակարևոր օջախներից են, որոնք դաստիարակում են մշակույթ սպառողին: Այս մասին հուլիսի 30-ին նշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն` Արագածոտնի մարզ կատարած շրջայցի ընթացքում: Նախարարը այցելեց Աշտարակ քաղաք՝ ծանոթանալու մարզի երաժշտական դպրոցների խնդիրներին:
Զրուցելով Աշտարակ քաղաքի հենակետային երաժշտական դպրոցում հավաքված ուսուցիչների հետ, մշակույթի նախարարը ասաց, թե գիտակցում է, որ երկար տարիներ երածշտական դպրոցների վիճակը ծանր է եղել, և այդ պատճառով վերջին տարիների ընթացքում նախարարությանը ջանում է վերականգնել տվյալ համակարգը, իրականացնելով մի շարք ծրագրեր, որոնք մինչ այդ ուղղակի գոյություն չեն ունեցել: «Եթե լոկալ դիտարկենք խնդիրն` ապա այսօր նյութատեխնիկական հագեցվածության ցածր մակարդակը վերաբերում է ինչպես երաժշտական դպրոցներին, այնպես էլ հիվանդանոցներին, հանրակրթական դպրոցներին, որոնց բարեկարգումը առավել առաջնային է: Մեր խնդիրն է ապագայում երաժշտական դպրոցների հիմնական վերանորոգման համար ունենալ բյուջե: Այսօր Հայաստանը գնում է աշխարհի զարգացած երկրների մոդելով, որտեղ մի շարք խնդիրների լուծումը պատկանում է համայնքային իշխանությանը, սակայն պետույթունն իր հնարավորությունների չափով աշխատում է օգնության ձեռք մեկնել: Մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ քսան տարվա անկախության ընթացքում շատ դժվար է միանգամից լուծել բոլոր հիմնախնդիրները, սակայն մեզ համար շատ կարևոր հանգամանք է, որ երաժշտական դպրոցները չեն փակվում», - ընդգծեց Հասմիկ Պողոսյանը:
Աշտարակի փոխքաղաքապետ Գեվորգ Եղիազարյանը համայնքի արտադպրոցական հիմնարկների իրավիճակը գնահատելով` ասաց. «Կարելի է տեսնել երաժշտական և արվեստի դպրոցներում առկա լուրջ նյութատեխնիկական և գույքային խնդիրներ: Օրինակ, Աշտարակի երաժշտական դպրոցը վերջին տարիներին պետական միջոցներով վերանորոգվել էր, սակայն դասարաններում բացակայում են նորացված գույքը և երաժշտական սարքավորումները: Իսկ պարարվեստի և գեղարվեստի դպրոցները գտնվոում են խղճուկ վիճակում»:
Վերջին տարիներին նախարարության կողմից իրականացվել է «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային լարային և փողային նվագարանների ուսուցում» ծրագիրը, որի շրջանակներում 2012-2013թթ. ուստարում ուսման վարձավճարների փոխանցում է ստացել մարզի երաժշտական և արվեստի դպրոցների 84 աշակերտ: «Հանրապետության երաժշտական դպրոցների և արվեստի դպրոցների համար արաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամի» շրջանակներում 2013թ-ին Աշտարակի, Ուջանի, Օշականի դպրոցներին տրամադրվել է քանոն, գալարափող, քամանչա, ինչպես նաև Արագածոտնի մարզում անվճար բաժանվել է 243, իսկ 2014թ-ին՝ 48 երաժշտական ձեռնարկ և տասը ձայնասկավառակ: