Թաիլանդի ոստիկանությունը թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությանը կասկածում է Բանգկոկում օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն ունենալու համար, որի հետևանքով զոհվել էր 20, վիրավորվել՝ 125 մարդ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, պայթյունին նախորդած 15 օրերի ընթացքում Թուրքիայի 20 քաղաքացիներ խմբով գտնվել են Թաիլանդում։ Այժմ նրանց վրա են կենտրոնացել քննիչները և հենց այդ խմբի անդամների մեջ են փնտրում ահաբեկչության մեղավորին։
Քննիչները կասկածում են, որ նրանք եղել են թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամ։
«Գորշ գայլերը» բազմամյա փորձ ունեցող ռազմական ծայրահեղական խմբավորում է, որը կարող էր ահաբեկչություն իրականացնել Թաիլանդում՝ դեպի Չինաստան 100 ույղուրների արտաքսման համար։
Թաիլանդական կառավարությունը երկրի հարավում որպես ստրուկ աշխատող 300 ույղուրի էր հայտնաբերել, որոնցից 200-ը՝ հիմնականում կանայք ու երեխաներ, ուղարկվել էին Թուրքիա, որն ընդունում է ույղուր փախստականներին։ Սակայն մոտ 100-ը՝ հիմնականում տղամարդիկ, ուղարկվել էին Չինաստան։
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ արտաքսման հետևանքով ընտանիքներ են բաժանվել, իսկ բոլոր ույղուր տղամարդիկ Չինաստանում վայրէջք կատարելուց հետո անհետացել էին։
Ույղուրները Չինաստանի մուսուլման փոքրամասնության ներկայացուցիչներն են, իսկ «Գորշ գայլերը» հայտնի են Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդ պապի դեմ 1981 թվականին իրականացրած մահափորձով։