Մշակույթ 

Սալման Ռուշդիը արժանացել է Դանիայի գրական բարձրագույն մրցանակին

Անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում Դանիայի Օդենսե քաղաքում տեղի է ունեցել բրիտանացի գրող Սալման Ռուշդիին Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի հանդիսավոր հանձնման արարողությունը: Օգոստոսի 17-ին նա մրցանակն ստացել է  արքայադուստր Մերիից, փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը` վկաակոչելով dpa-ն:

Մրցանակի հիմնադիրների ինտերնետ էջում նշվում է, որ Ռուշդին «նմանը չունեցող հեղինակ է, որը, օգտագործելով գլոբալ ռեաիլզմի եւ հեքիաթային երեւակայության խառնուրդը, նկարագրում է  մշակութային փոխանցումների նշանակությունը մեր ժամանակի համար եւ դրանով հարստացնում համաշխարհային գրականությունը»: Գրողը նշել է, որ իր համար մեծ պատիվ է մեծ հեքիաթասացի անվան մրցանակն ստանալը: 

Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակը հիմնադրվել է 2007 թ. եւ Դանիայի գրական բարձրագույն մրցանակն է: 500 հազար դանիական կրոն մրցանակը (շուրջ 67 հազար եվրո) հանձնվում է երկու տարին մեկ անգամ: Նախկինում դրա մրցանակակիր էին եղել  Պաուլո Կոելիոն, Ջոան Ռոուլինգը եւ Իզաբել Ալիենդեն: 

Սալման Ռուշդին ծնվել է Հնդկաստանում` մահմեդականի ընտանիքում: Նրա «Սատանայական բանաստեղծություններ» (1988) վեպն հարուցել էր մահմեդականների կատաղի բողոքը: Իրանի այաթոլլահ Հոմեյնին հրապարակայնորեն անիծել է Ռուշդիին եւ գրքի հրապարակման բոլոր մասնակիցներին,  դատապարտել մահապատժի` ողջ աշխարհի մահմեդականներին կոչ անելով ի կատար ածել մահապատիժը:

Նույն շարքից