Մշակույթ 

Օրվա ծնունդը. Տիգրան Մուշեղյան

Ֆիզիոլոգ Տիգրան Պետրոսի Մուշեղյանը (1886թ. օգոստոսի 20 - 1935թ. ապրիլի 22) ծնվել է Վաղարշապատում։ 1906թ. ավարտելով Երևանի արական գիմնազիան` ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժինը, որն ավարտել է 1912թ. և աշխատանքի անցել նույն բուհի ֆիզիոլոգիայի ամբիոնում։
 
1919թ. Մուշեղյանը տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել արական գիմնազիայում որպես ուսմասվար, միաժամանակ` կենսաբանության և մաթեմատիկայի դասախոս։ 1921թ. նա հրավիրվել է ԵՊՀ` դասավանդելու «Կենդանիների ֆիզիոլոգիա», «Բնության դիալեկտիկա», «Բնագիտության դասավանդման մեթոդիկա» դասընթացները։ 1922թ. նրա ջանքերով ԵՊՀ-ում կազմակերպվել են կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը և լաբորատորիան։
 
1922-1935թթ. նա ղեկավարել է Ֆիզիոլոգիայի ամբիոնը։ 1933թ.-ից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ ռեկտոր` միաժամանակ վարելով ՀԽՍՀ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի բնագիտական բաժանմունքի նախագահի պարտականությունները։
 
Մեծ է Մուշեղյանի դերը դպրոցական ուսումնական պլանների, ծրագրերի և դասագրքերի ստեղծման, ինչպես նաև մանկավարժական կադրերի պատրաստման գործում։ Զբաղվել է նաև գիտական աշխատանքով։ Նա ցորենից, գարուց, բրնձից և կարտոֆիլից ստացել է ինսուլինանման նյութեր, որոնց ազդեցությունն ուսումնասիրել է կենդանիների և բույսերի վրա։ ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը 1973թ.-ից կրում է Տիգրան Մուշեղյանի անունը։
 
Վախճանվել է Երևանում։

Նույն շարքից