Սյունիքի մարզի Գորիս քաղաքում օգոստոսի 23-ին կայանալիք «Սյունյաց ավանդույթներ» փառատոնը, որն այս տարի անցկացվում է առաջին անգամ, կդառնա ամենամյա:
Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ապա նշեց. «Փառատոնի նպատակն է նաև, որ այն նպաստի Գորիսում և շրջակա համայնքներում զբոսաշրջության զարգացմանը»:
«Հուսով եմ, որ մեր համագործակցությունը լինելու է երկարատև, քանի որ այս տարվանից հետո փառատոնը կլինի ամենամյա»,- ասաց նա:
Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն էլ նշեց, որ փառատոնը շատ հետաքրքիր կլինի զբոսաշրջիկների համար: «Այս միջոցառումը միտված է ոչ միայն գորիսեցիներին իրենց առօրյայից մի փոքր կտրել, այլ նաև Գորիսում տուրիզմը զարգացնելուն, ինչի արդյունքում նաև կապահովենք մեր քաղաքացիների բարեկեցությունը»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ փառատոնին մասնակցելու են մարզի քաղաքները և տարբեր համայնքներ:
Ասուլիսի մյուս բանախոս, «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ ասաց, որ նման փառատոները տալիս են հնարավորություն, որպեսզի տուրիզմը Երևանից տեղափոխվի դեպի մարզեր, ինչպես նաև նպաստել նրան, որ մարդիկ չլքեն իրենց բնակավայրերը:
Փառատոնը կամփոփվի մրցանակաբաշխությամբ, նախատեսված են լավագույն թթի օղի, լավագույն դոշաբ, լավագույն չորացրած թութ անվանակարգերը:
Փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան անձամբ տեսնել, թե ինչպես է թորվում օղին, պատրաստվում թթի դոշաբը, չորաթանը, նրանք նաև ականատես կլինեն ավանդական ճաշատեսակների պատրաստմանը: