Մշակույթ 

Երիտասարդ հայ դաշնակահարը մասնակցել է «Մոցարտեում» միջազգային ամառային ակադեմիայի վարպետության դասերին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հայտնի դաշնակահար Ջոզեֆ Պարատորեի հրավերով՝ դաշնակահար Լևոն Մանասերյանը (պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարան) ս. թ. հուլիսի 14-26-ը, Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում մասնակցել է «Մոցարտեում» միջազգային ամառային ակադեմիայում կազմակերպված վարպետության դասերին: Վարպետության դասերի շրջանակում երիտասարդ դաշնակահարը Ջ. Պարատորեի դասարանական համերգին կատարել է Յ. Ս. Բախի ռե մինոր «Խրոմատիկ ֆանտազիան և ֆուգան»: Ուշագրավ է այն փաստը, որ վարպետության դասերի եզրափակիչ համերգին՝ Ջոզեֆ Պարատորեի տասնմեկ հոգանոց դասարանը /բազմազգ/ ներկայացրել է Հայաստանի պատվիրակը՝ կատարելով Արամ Խաչատրյանի «Տոկատը»:

Վարպետության դասերին ակտիվ մասնակցության համար Լևոն Մանասերյանին շնորհվել է դիպլոմ:

Լևոն Մանասերյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է, մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր և մեդալակիր:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ` վերջերս նա մենահամերգներով հանդես է եկել Բրյուսելում՝ կատարելով Յ. Ս. Բախի, Լ. Վան Բեթհովենի, Ա. Խաչատրյանի, Գ. Սարաջևի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում կատարել է նաև սփյուռքահայ կոմպոզիտոր Հ. Բոյաջյանի «Հայկական երգը» դաշնամուրային պիեսը, որն առաջին անգամ էր հնչում Եվրոպայում: Համերգները ջերմորեն են ընդունվել օտարազգի ունկնդրի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:    

Նույն շարքից