Առողջապահություն 

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Աշոտ Պետրոսյանը

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Գրիգորի Պետրոսյանի մահվան կապակցությամբ:

Աշոտ Պետրոսյանը ծնվել է 1940թ. Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական-կանխարգելիչ ֆակուլտետը: 1967-1970 թթ. աշխատել է Հրազդանի շրջանային հիվանդանոցում` որպես ուրոլոգ, իսկ 1970-1972 թթ. աշխատանքի է անցել Հանրապետական կլինիկական հիվանդանոցում:

1972թ. ընդունվել է ԵրՊԲԻ ուրոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրա, որն ավարտելուց հետո 1976թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1978-1980 թթ. Աշոտ Պետրոսյանը աշխատել է ԵրՊԲԻ ուրոլոգիայի ամբիոնում` որպես ավագ գիտաշխատող: Ավելի քան 15 գիտական աշխատանքների հեղինակ է:

1980թ. ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի ուռուցքաբանության գիտական կենտրոնի նոր շենքի կառուցման պատասխանատու, որի հաջող ավարտից հետո 1981թ. նշանակվել է Հայաստանի ուռուցքաբանության գիտական կենտրոնի գլխավոր բժիշկ:

Լինելով Կենտրոնի գլխավոր բժիշկ և բարձր որակավորման վիրաբույժ` Աշոտ Պետրոսյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախ հանրապետության ուռուցքաբանական ծառայության կազմակերպման և կայացման գործում:

Եղել է ՈՒԳԿ-ի գիտական խորհրդի անդամ, Կենտրոնի վարչական խորհրդի անդամ, պարգևատրվել` «ՀՀ ԱՆ ՈՒԳԿ-ի Պատվավոր բժիշկ» մեդալով: Ակտիվ մասնակցություն է ունեցել անդրկովկասյան ուռուցքաբանների գիտաժողովների, ՀՀ և ԼՂՀ շրջաններում և մարզերում արտագնա գիտագործնական խորհդակցությունների կազմակերպմանը:

1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո ուռուցքաբանության կենտրոնի բազայում ակտիվորեն մասնակցել է տուժածների բժշկական օգնության կազմակերպմանը: Քանիցս պարգևատրվել է ՀՀ ԱՆ պատվոգրերով: Աշոտ Գրիգորի Պետրոսյանը զգայուն և կարեկից ընկեր էր: Իր բարությամբ, ուշադրությամբ և հոգատարությամբ նա վայելում էր ոչ միայն կենտրոնի աշխատակիցների, այլ նաև հասարակության լայն շրջանակների սերը և համակրանքը: Ա.Գ. Պետրոսյանի լուսավոր հիշատակը հավերժ կմնա այն մարդկանց սրտերում, ովքեր ճանաչում էին նրան: ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության Ազգային կենտրոնի ողջ անձնակազմը խորապես սգում է Աշոտ Պետրոսյանի անժամանակ մահը:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր խորին ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին:

Նախարարը բարձր է գնահատում անվանի բժշկի ներդրումը առողջապահության համակարգի զարգացման գործում:

Նույն շարքից