Առողջապահություն 

2014-ը՝ «Առողջ ապրելակերպի տարի»

analitik.am

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողներին ներկայացրեց ոլորտում 2013թ. ընթացքում կատարված աշխատանքները և 2014թ. գերակա ուղղությունները:

2013թ. կարևոր ձեռքբերումներից առանձնացրեց «Հայաuտանի Հանրապետության առողջապահական համակարգի 2014-2020 թվականների զարգացման հայեցակարգի» մշակումը` նշելով, որ փաստաթուղթն ընդգրկում է համակարգի ընդհանուր քաղաքականությունը և համահունչ է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության ընդհանուր սկզբունքներին ու դրույթներին։

Նշվեց, որ համակարգում ֆինանսական միջոցներն առավել նպատակային ծախսելու, բժշկական ծառայությունների որակը բարելավելու, ինչպես նաև ոլորտում առկա բացթողումների և անառողջ երևույթների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով 2013թ. նոյեմբերին նախարարին կից կոլեգիան հաստատել է «Բժշկական ծառայությունների ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների» ցանկը։ Հաստատված 40 միջոցառման իրականացմամբ լուրջ բարեփոխումներ են սպասվում։ Ավելին` բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Անցած տարի նախարարության կողմից մշակված կարևոր փաստաթղթերից մեկն էլ առողջ ապրելակերպի խթանման ռազմավարությունն է, որի հիման վրա 2014-ը հայտարարվել է «Առողջ ապրելակերպի տարի»:

Դերենիկ Դումանյանը լրագրողներին ներկայացրեց նաև նախարարությունում կատարված կառուցվածքային փոփոխությունները, դրանցից ակնկալվող արդյունքները։ Նախարարն անդրադարձավ մոր և մանկան առողջության պահպանման ուղղությամբ ցուցանիշների բարելավմանը։

Այսպիսով, ամփոփվեցին 2013թ. գործունեության արդյունքները և ներկայացվեցին 2014թ. գերակա խնդիրները:

Մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացում և արդիականացում ծրագրի շրջանակներում 2013թ. ՀՀ Շիրակի մարզի Գյումրու բժշկական կենտրոնում և ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնում ստեղծվել և գործում են սրտային ինվազիվ միջամտությունների իրականացման ծառայություններ: Գյումրու բժշկական կենտրոնին տրամադրվել է անգեոգրաֆիկ սարք, ստեղծվել է հեռաբժշկության սենյակ` անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցված:

Շտապ օգնության ծառայության բարելավման նպատակով մշակվել է շտապ օգնության տեղեկատվական պորտալ/կայք էջ (www.1-03.am) և վերլուծական համակարգ` շտապ օգնության աշխատանքի գնահատման համակարգի ներդրումով: Առաջիկայում համակարգը կփորձարկվի Երևանի, Գյումրու, Արարատի ՇՕ մատուցող բուժհաստատություններում, որից հետո համակարգը կներդրվի հանրապետության բոլոր մարզերում:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կանոնակարգվել են մարզերից Երևանի ծննդատներ հղիների ուղեգրումները: Արդյունքում, գրեթե 25 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաքում ծննդաբերած հղիների թիվը:

Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման համար իրականացվել են բուժհաստատություններից ֆինանսական տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն: Առողջության ապահովագրության բազային փաթեթի վերաբերյալ` բժշկական ծածկույթի ընդլայնման ու սոցփաթեթի շրջանակներում ապահովագրված անձանց ավելի լիարժեք բժշկական ծառայությունների ապահովման համար ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունները հաստատվել են և կիրառվում են:

Սահմանվել է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման նոր կարգ, որը հաստատվել է ՀՀ կառավարության N806-Ն որոշմամբ: Հաշվարկվել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետական պատվերով բժշկական օգնության մեկ անձի համար պահանջվող ֆինանսական միջոցների չափը:

Առողջապահության ոլորտում ստվերայնության կրճատման նպատակով իրականացվել է վճարովի ծառայությունների մշտադիտարկում: Արդյունքում` 2013 թվականի 10 ամսվա կտրվածքով վճարովի ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 32.1%-ով և կազմել 25.652,0 մլն դրամ: Ընդ որում, Երևանի բուժհաստատություններում աճը կազմել է 33,1% (23.133,8 մլն դրամ), իսկ մարզերում` 24,1% (2.518,2 մլն դրամ): Համավճարով ստացած եկամուտները կազմել են 1.265,6 մլն դրամ, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 409,9 մլն դրամով կամ 47,9%-ով: Կանխատեսվում է, որ վճարովի ծառայություններից ստացված տարեկան եկամուտները (տվյալները կամփոփվեն 2014թ. փետրվարին) 2012-ի համեմատ կաճեն 24.5%-ով` կազմելով շուրջ 31.0 մլրդ դրամ:

Շարունակաբար կիրառվելու են բուժանձնակազմի աշխատանքի վարձատրման խրախուսական մեխանիզմները, ինչն իրականացվում է վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների ավելի արդյունավետ վերաբաշխման միջոցով` զգալի միջոցներ (50-60%) ուղղելով աշխատանքի վարձատրմանը:

Դեղերի և բժշկական պարագաների գնման գործընթացի ընտրանքային մշտադիտարկման հիման վրա իրականացվել է վերահսկողություն գնումների գործընթացի նկատմամբ:

Դեղերի որակի ու անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակներում կատարելագործվել է դեղային օրենսդրությունը` ներդաշնակեցվելով Եվրոպական միության օրենսդրության պահանջներին և կանոններին: Մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը` որակի ապահովման միջազգային ստանդարտներին համապատասխան:

Հաստատվել են հիմնական դեղերի ընտրության չափանիշները և ձեռքբերման կանոնակարգերը: Վերլուծվել են դեղերի գների կարգավորման մեխանիզմները և ձևավորվել առաջարկությունների փաթեթ: Կատարելագործվել է դեղերի անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկումը, հզորացվել են նաև դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող կազմակերպության կարողությունները:

Մշակվել և ներդրվել են Պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության և հավաստագրի տրամադրման համար անհրաժեշտ իրավական ակտերը: Առաջին հավաստագիրն է հատկացվել «Լիկվոր» դեղագործական կազմակերպությանը: Մշակվել է նաև դեղերի մասին հայերեն տեղեկատվության ապահովման համակարգը:

Առողջապահության համակարգի 2014 թվականի գերակա ուղղություն համարվող կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման շրջանակներում նախատեսվում են մի շարք աշխատանքներ, մասնավորապես` հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարության մշակում, պետական պատվերի իրականացման գործընթացում խախտումներ արձանագրած կազմակերպու-թյունների համար հաջորդ տարվա պետական պատվերի տեղադրման սահմանափակումների ամրագրում:

2014-ին մեծապես կարևորվելու է վարձատրման դրույքային ու խրախուսական եղանակների համադրման միջոցով բուժանձնակազմի վարձատրման նոր սկզբունքների մշակումը, մշտադիտարկումների կազմակերպումը մատուցվող վճարովի ծառայություններից ստացվող եկամուտների և հարկային պարտավորությունների աճի ցուցանիշների ապահովման նպատակով:

Առողջապահական համակարգի արդիականացման և օպտիմալացման ծրագրերի շրջանակներում նախատեսվում է գյուղական ամբուլատորիաների, մարզային պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների արդիականացում, ինչպես նաև սարքավորումներով և կահույքով հագեցում:

Տարին կառանձնանա նաև ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման առումով, արյունաբանական կենտրոնի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման նպատակով կմեկնարկեն հիմնանորոգման շինարարական աշխատանքները:

Գերակա ուղղություններից է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրումը: Փորձնական (պիլոտային) ծրագրի գործարկումից հետո, կսահմանվեն համակարգի ներդրման փուլերը:

Նույն շարքից