Մշակույթ 

Օրվա ծնունդը. Սողոմոն Սողոմոնյան

Հայ գրականագետ Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1907թ.-ի սեպտեմբերի 3-ին Արցախի Գետաշեն գյուղում: Եղել է բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967թ.), պրոֆեսոր (1967թ.-ից), ԽՍՀՄ գրողների միության անդամ:
 
1928թ.-ին ավարտել է Բաքվի թիվ 22 իննամյա դպրոցը, 1931թ.-ին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1931-1933թթ.-ին աշխատել է Աշտարակում սկզբում որպես ժողկրթբաժնի վարիչ, ապա՝ «Այգեգործ» թերթի քարտուղար: 
 
1933թ.-ին սովորել է Լենինգրադի գեղարվեստագիտության պետական ակադեմիայի արևմտաեվրոպական գրականության բաժնում: Այնուհետև աշխատել է Երևանի մանկավարժական ինստիտուտում որպես բանասիրական ֆակուլտետի դեկան, արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ և եվրոպական գրականության ավագ դասախոս: Միաժամանակ դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում: 
 
1941-1946թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1946-1947թթ.-ին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը և Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: 1947թ.-ին «Ռոմանտիկական դրամայի տեսությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:
 
1966թ.-ին «Ժամանակակից հայ պոեզիան» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: 1971թ.-ից Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է եղել: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: 
 
Մահացել է 1978թ. օգոստոսի 28-ին Երևանում: Նրա աշխատությունները մինչ օրս ծառայում են որպես բուհական դասագիրք:

Նույն շարքից