«Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային մրցույթը Նյուրնբերգի պետական թատրոնի (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) թատերական-գրական նախագիծն է, որն արևելաեվրոպական երկրների հեղինակներին հրավիրում է բանավիճելու «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայի շուրջ:
Մրցույթը կազմակերպում է Նյուրնբերգի պետական թատրոնը՝ համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի և ծրագրի նախաձեռնող, դոկտոր Քրիստիան Պապկեի հետ, ով մրցույթի գեղարվեստական մասի ներկայացուցիչն է:
Մրցույթը մեկնարկել է 2005 թ., որի ստեղծման հիմքում ընկած էր Արևելյան Եվրոպայի և գերմանախոս երկրներում ապրող ժողովուրդների միջև փոխճանաչման և հաղորդակցվելու զարգացման գաղափարը՝ շեշտը դնելով մշակութային ժամանակակից ձեքբերումների վրա:
Նախագիծը մտքերի փոխանակման, երկխոսության և գաղափարների խաչման հրավեր է, որը 2014 թ. ուղղված է լինելու բոլոր հայ գրողներին. մրցույթին կմասնակցեն գրական և լեզվաբանական բարձր մակարդակ ունեցող թատերախաղեր, որոնք կներկայացնեն 2014 թ. Հայաստանի ստեղծագործական և դերասանական կյանքի ընդհանուր պատկերը:
Ներկայացվող թատերախաղը պետք է համահունչ լինի մրցույթի թեմային` գրված լինի առավելագույնը 5 դերասանի և առնվազն 70 րոպե տևողության համար և չպետք է ավարտվի մեկ գործողությամբ:
Միջազգային մրցութային հանձնաժողովը կազմված է մասնագիտական համապատասխան որակավորում ունեցող հինգ անդամից, որոնցից երկուսը Հայաստանից են: Թատերախաղի բնօրինակը ներկայացվում է հայերենով, որի հետ պետք է լինի նաև գործի թարգմանությունը՝ անգլերեն կամ գերմաներեն: Հեղինակներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ թատերախաղ, որը չպետք է նախկինում բեմադրված կամ հրատարակված լինի:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2015 թ. մարտի 1-ը: Առաջին տեղը զբաղեցրած թատերախաղի համար կազմակերպիչների կողմից սահմանվում է 3500 եվրո պարգևավճար, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը երկրորդ տեղը գրաված թատերախաղի համար սահմանում է 1500 եվրո, երրորդ տեղի համար՝ 1000 եվրո պարգևավճար:
Մրցանակային տեղերը զբաղեցրած թատերախաղերի անունները կհրապարակվեն մինչև 2015 թ. ապրիլի վերջը՝ Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և այլ մանրամասների համար կարող եք այցելել www.talkingaboutborders.eu կայքէջ:
Իսկ մասնակցության պայմաններին ծանոթացեք այստեղ:
Ս. թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 14:30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «Խոսելով սահամանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային մրցույթին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ծրագրի նախաձեռնող Քրիստիան Պապկեն, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: