Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, ընդառաջ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, լույս է ընծայել Ավագ Հարությունյանի «Հայոց ցեղասպանություն և հայկական հարց. գրքերի մատենագիտություն» արժեքավոր աշխատությունը:
Գիրքը ներկայացնում է Հայոց ցեղասպանությանը և Հայկական հարցին նվիրված 1860-2010թթ. հրատարակված 19 լեզվով 17.235 միավոր գրքի ամփոփ և համապարփակ մատենագիտությունը: Ի տարբերություն մինչ այժմ տպագրված մատենագիտությունների, աշխատությունն ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով կազմված օժանդակ ցանկեր` ըստ անհեղինակ հրատարակությունների, անձնանունների, աշխարհագրական անունների, հրատարակիչների, տպագրության վայրերի և տպագրության ժամանակագրության:
Ավագ Հարությունյանի հեղինակած առաջաբանում հանգամանորեն ներկայացված են մինչ այժմ հրատարակված նմանօրինակ մատենագիտությունները և այս աշխատության կազմության սկզբունքները:
Այս համահավաք մատենագիտությունն օգտակար ուղեցույց կլինի Հայոց ցեղասպանության ու Հայկական հարցի ուսումնասիրությամբ զբաղվողների համար:
Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: