Մշակույթ 

Օրվա ծնունդը. Օ. Հենրի

Ամերիկացի գրող, արձակագիր Ուիլյամ Սիդնի Փորթերը (Օ.Հենրի) ծնվել է 1862թ. սեպտեմբերի 11-ին Գրինսբորո քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ): Երեք տարեկան հասակում զրկվել է մորից, ավելի ուշ անցել հորաքրոջ խնամատարության տակ:

 

 

Դպրոցից հետո դեղագործություն է սովորել, աշխատել հորեղբոր դեղատանը, այնուհետև մեկնել Տեխաս, որտեղ Օսթին քաղաքի բանկերից մեկում աշխատել է որպես գանձապահ ու հաշվետար:

 

Առաջին գրական փորձերը կատարել է 1880-ական թթ.-ի սկզբներին: Օսթինում 1894թ. Փորթերը սկսում է հրատարակել «Ռոլլինգ սթոուն» հումորային շաբաթաթերթը, որն ամբողջությամբ կազմված էր իր ակնարկներից, կատակներից, բանաստեղծություններից և նկարներից: Մի տարի անց շաբաթաթերթը փակվում է, միաժամանակ Փորթերին ազատում են աշխատանքից և հայտնաբերված պակասորդի պատճառով ենթարկում դատական պատասխանատվության:

Զեղծարարության մեջ մեղադրվելուց հետո նա դիմում է փախուստի և մոտ կես տարի թաքնվում Հոնդուրասում, այնուհետև՝ Հարավային Ամերիկայում: Վերադառնալով ԱՄՆ՝ դատապարտվում է և բանտարկվում Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի բանտում, որտեղ անցկացնում է 3 տարի (1898—1901թթ.):

 

 Բանտում Փորթերն աշխատում է հաստատության հիվանդանոցում և պատմվածքներ գրում՝ դրանք հրատարակելու համար ընտրելով Օ.Հենրի գրական անունը: Այդ անվան ներքո իր առաջին պատմվածքը՝ «Շվցնող Դիքի սուրբծննդյան նվերը», տպագրվել է 1899թ. «Մաք Քլյուր ամսագրում» (“Mc Clure’s Magazine”):

Կյանքի վերջում տառապել է լյարդի ցեռոզից և շաքարախտից, մահացել է 1910թ. հունիսի 5-ին Նյու Յորքում: 

Նույն շարքից